Երկիրը պետք է ունենա նոր առաջնորդ՝ նոր ազգանվամբ. Նարեկ Կարապետյան

23 Դեկտեմբերի 2025, 19:08

Քաղաքականություն

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը արձագանքել է իշխանությունների այն պնդումներին, թե իրենք հաղթելու են 2026 թվականի ընտրություններում։

«Եթե իրենք «հաղթելու» են, ինձ թվում է՝ արդեն մտահոգվելու բան չունեն մեզանից, պետք է չանհանգստանան և չխոչընդոտեն շարժման համահայաստանյան սփռումը»,- նշել է Կարապետյանը։

Նա ընդգծել է՝ հանրությունն իրականում արդեն իսկ ձևավորել է իր դիրքորոշումը, որն, ակնհայտորեն, իշխանության օգտին չէ։

Ինչ վերաբերում է նախկին իշխանություններից որևէ մեկի հետ համագործակցության հարցին, Կարապետյանը հայտնել է՝ երկրին պետք է նոր առաջնորդ, որն ընդունելի կլինի հասարակության բոլոր շերտերի համար։

«Հայաստանի չորս ղեկավարները, եթե շարունակեն, ու հաջորդ կառավարողը լինի նրանցից մեկը, երկրում միասնության հարցը հարցականի տակ կլինի, որովհետև հասարակության մի խավ չի ընդունում մեկին, մյուսը խավը`մյուսին, և մենք չենք կարող հասարակական համերաշխության հասնել մեր երկիրը ղեկավարած 4 ղեկավարներից որևիցե մեկի կողմից պաշտոնը ստանձնելու դեպքում։ Մեր երկրին պետք է նոր ղեկավար, ով չունի բեռ՝ հասարակական հակակրանքի։ Իհարկե, ամենայն հարգանքով բոլոր գործիչների հանդեպ, ում մասին կխոսի պատմությունը, սակայն երկիրը պետք է ունենա նոր առաջնորդ՝ նոր ազգանվամբ»,- եզրափակել է Կարապետյանը։