Հայ համայնքի անդամները Սանկտ Պետերբուրգում բոյկոտել են Փաշինյանի հետ հանդիպումը
23 Դեկտեմբերի 2025, 20:48
News.am-ը գրում է. Սանկտ Պետերբուրգում երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչներից մի քանիսը քննադատական ելույթներ են ունեցել, որից հետո ի նշան բողոքի լքել դահլիճը։
Հայկական Ազգային-մշակութային ինքնավարությունը (АНКА) մանրամասներ է հայտնել հանդիպումից։ Մասնավորապես, ըստ ՀԿ–ի, իրենց խնդրել են դեկտեմբերի 19-ին՝ 11:00-ին, արագորեն մի քանի անձանց ցուցակ ներկայացնել ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցելու համար։
«Քանի որ երիտասարդական կազմակերպություններն իրենց մասնակիցներին ներկայացրել էին առանձին ցուցակով, АНКА-ն ներկայացնում էր ավագ սերնդին։ Հանդիպման կազմակերպչին ներկայացված ցուցակում ընդգրկված էր 16 մարդ, մասնավորապես՝ հետևյալ ոլորտներից. մշակույթ, կրթություն, ձեռներեցություն, մարզերի համայնքներ և այլն։ Ժամանակի խիստ սղության պայմաններում յուրաքանչյուր անձի հետ անհատական պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Դեկտեմբերի 22-ի հանդիպումը նախատեսված էր աշխատանքային օրը՝ 14:00-ին։ Այնուհետև այն փոխվել է մինչև 16:00, ապա՝ 16:30, ապա՝ 18:00։ Արդյունքում, մի քանի մարդ նախատեսված ժամի՝ 14:00-ի փոխարեն չկարողացավ ներկայանալ 18:00-ին։ Հանդիպմանը АНКА-ն ներկայացնում էր ինը մարդ։
Դահլիճում, որտեղ անցկացվում էր հանդիպումը, կար մոտ 60 մարդ, նրանց թվում՝ ավելի քան 20 երիտասարդական կազմակերպություններից, ոմանք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և հյուպատոսությունից, ոմանք էլ՝ Մոսկվայից»,– հայտնել են հասարակական կազմակերպությունից։
Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպումը սկսվել է ժամը 18.00–ին, մինչդեռ կեսօրից Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում հավաքվել էին մոտ 100 ծխական և համայնքի անդամներ, որոնք հույս ունեին հանդիպել Հայաստանի ղեկավարի հետ եւ իրենց մտահոգությունը հայտնել եկեղեցու դեմ տարվող արշավի վերաբերյալ։ Սակայն, Փաշինյանն այդպես էլ հայկական եկեղեցի չի այցելել։
Ըստ ՀԿ–ի, հայ համայնքի հետ փակ հանդիպումը հարթ չի անցել, հնչել են քննադատական ելույթներ։ Սկզբում ելույթ են ունեցել Վահե Ավետյանը և Վահան Բաբախանյանը։ Այնուհետև նրանք, ի նշան բողոքի, մի քանի գործընկերոջ հետ լքել են նիստերի դահլիճը։ Ավելի ուշ ելույթ է ունեցել Կարեն Մկրտչյանը։