ՀՀ-ն պատրաստ է ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը․ Փաշինյան

15 Հունվարի 2026, 12:22

Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատում է իր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում ապահովելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ընդգծել և վերահաստատել մեր քաղաքական կամքը․ համաձայնեցված շրջանակում մենք պատրաստ ենք, տրամադրված ենք և միանշանակ գնալու ենք այդ ուղղությամբ՝ այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու հարցում այն սկզբունքներով, որոնց մասին բազմիցս խոսել ենք։ Մեր տրամադրությունն այն է, որ այստեղ ևս պետք է դուրս գանք հակամարտության տրամաբանությունից և անցնենք նորմալ, խաղաղությանը հարիր մթնոլորտի և մտածողության»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ գործընթացը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում արագ չի լինելու, քանի որ հասարակություններում դեռ պահպանվում են երկար տարիների հակամարտությամբ ձևավորված խոսույթներ։

Նա օրինակ է բերել վառելիքի ներմուծման շուրջ շրջանառվող հայտարարությունները, երբ երկու կողմերում էլ հնչում են փոխադարձ մեղադրանքներ՝ իբր վառելիքը օգտագործվելու է ռազմական նպատակներով։

«Մենք պետք է արձանագրենք, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դեպքում առկա խոսույթը այլևս չի համադրվում այսօրվա իրողությունների հետ, և ես հենց սա նկատի ունեմ։ Միևնույն ժամանակ,  մարդկանց մեղադրելը ևս ճիշտ չէ, որովհետև այն տրամաբանությունը, որը շուրջ 35 և ավելի տարիներ պտտվել է, հնարավոր չէ կանգնեցնել մեկ գործողությամբ կամ մեկ լծակով, մեկ արգելակով։ Հետևաբար պետք է տրամադրվենք ավելի գործնական մոտեցման, կենտրոնանանք աշխատանքի վրա, քանի որ խաղաղության գործնական օգուտները կարող են շատ ավելի արդյունավետ լինել, քան տարբեր թեզերի, կասկածների կամ մարտահրավերների շուրջ անվերջ բանավեճերը»,- ասել է Փաշինյանը։