Կշարունակենք ամեն ինչ անել Իրանի մտահոգությունները փարատելու ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան

15 Հունվարի 2026, 13:50

Քաղաքականություն

Հայաստանը ուշադիր է Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ և շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ բարեկամական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հայտարարությանը, որը դժգոհել էր, որ Հայաստանի իշխանությունները թույլ էին տվել ցույց անցկացնել ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց։

«Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք և արել ենք ու շարունակելու ենք անել ամեն ինչ՝ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Դուք տեղյակ եք, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում երբեք որևէ հանրահավաք չի արգելվել, և մենք չէինք կարող որևէ առանձին դեպքում նման որոշում կայացնել։ Այո, մենք կիսում ենք այն մոտեցումը, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն Իրանի Իսլամական Հանրապետության կամ որևէ այլ դեսպանատան բնականոն աշխատանքը։ Մենք ուշադիր կհետևենք իրավիճակին, այդ թվում՝ դրա շուրջ առկա մտահոգություններին, և կգործենք մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում», ասել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ արտահայտման ազատության ձևերը չպետք է խաթարեն որևէ դեսպանատան, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան բնականոն գործունեությունը։

«Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի բարեկամական և եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա։ Իսկ այն անձանց նկատմամբ, որոնք կանցնեն օրենքի սահմանը, կիրականացվեն համապատասխան վարույթներ։ Գիտեմ, որ արդեն մի քանի դեպքերով վարչական վարույթներ են հարուցվել»,- ընդգծել է Փաշինյանը։

Ավելի վաղ, Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անուղղակիորեն մեղադրել էր հայկական կողմին Իրանի դեսպանատան դիմաց անցկացվող ակցիաները թույլատրելու համար՝ նշելով, որ իրենք բազմիցս այդ կապակցությամբ մտահոգություններ են փոխանցել պատկան մարմիններին։

Դեսպանը նշել էր, որ Իրանը տարբեր ժամանակահատվածներում կանգնել է Հայաստանի ժողովրդի և կառավարության կողքին, իսկ դեսպանատան դիմաց տեղի ունեցող իրադարձությունները, նրա խոսքով, կմնան Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։

Հիմա եթերում