Մեր գերիների վերադարձը չի կարելի համարել Փաշինյանի դիվանագիտական հաջողություն․ Մենուա Սողոմոնյան
15 Հունվարի 2026, 20:00
Պատանդառված մեր չորս հայրենակիցները ապօրինի պահվել են Բաքվի բանտերում, ենթարկվել ֆիզիկական և հոգևոր խոշտանգման։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ, «Հայաքվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։
«Այդ մարդիկ պատերազմական գործողությունների մասնակիցներ չէին։ Նրանք քաղաքացիական անձինք էին և պատանդառվել էին ադրբեջանական իշխանությունների կողմից, որոնցից մեկը՝ Վագիֆ Խաչատրյանը, գողացվել էր, առևանգվել էր Կարմիր խաչի մեքենայից։ Այսինքն՝ այդ մարդկանց առնչությամբ տեղի է ունեցել միջազգային քրեական բնույթի հանցագործություն, և նրանք ապօրինի կերպով պահվել են Բաքվի բանտերում,ենթարկվել ֆիզիկական և հոգևոր խոշտանգման»,- նշել է Սողոմոնյանը։
Միջազգայնագետի խոսքով՝ նրանք ոչ թե ազատ են արձակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բարի կամքի արդյունքում, այլ փոխանակվել են սիրիացի վարձկան մարդասպան ահաբեկիչների հետ, որոնց գործունեությունն ինքնին միջազգային քրեական դատարանի դրույթներով սահմանվող հանցագործություն է։
«Երևույթը, որպես այդպիսին, չի կարելի համարել Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական հաջողություն, քանի որ տեղի է ունեցել ոչ թե գերիների ազատում, ինչպես որ մենք ասում ենք, այլ հայ պատանդառված անձանց փոխանակում 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական ուժերի կողմից գերեվարված սիրիացի վարձկան ահաբեկիչ մարդասպանների հետ։ Սա է այն ամենը, ինչ պետք է իմանանք,- ընդգծել է Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին գերիների վերադարձի մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով․ «Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում»։
Մանրամասները՝ տեսանյութում։