Ինչո՞ւ են հայերը կրկնում քրդերի սխալները
22 Հունվարի 2026, 12:00
(Եփրատից մինչև Արաքս. Հայերը տեսնո՞ւմ են իրենց ապագան քրդերի ճակատագրի մեջ)
«Այսօր Մերձավոր Արևելքում ծավալվում է այն դրամայի վերջնախաղը, որը պետք է դառնա «սեղանի գիրք» ՀՀ քաղաքական ղեկավարության համար։ Սիրիական «քրդական նախագիծը», որը տարիներ շարունակ փայփայվում էր Վաշինգտոնի կողմից՝ որպես «տարածաշրջանում ժողովրդավարության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր հենարան», արագորեն գնում է դեպի իր մայրամուտը։ Պատճառը պարզունակ է և ցինիկ. գործիքը դադարել է արդյունավետ լինել, և այն փոխարինել են ավելի հզորով։
Երկար ժամանակ սիրիական քրդերը (SDF) ԱՄՆ-ի համար լուծում էին երկու կարևորագույն խնդիր՝ հանդիսանում էին «հետևակ» ԻԼԻՊ-ի և Բաշար Ասադի վարչակարգի դեմ պատերազմում, և ծառայում էին որպես կենդանի վահան, որը խոչընդոտում էր Իրանին ցամաքային միջանցք ստեղծել դեպի Միջերկրական ծով։ Սակայն իրավիճակը փոխվեց։ Ասադի վարչակարգի անկմամբ և Սիրիայում Իրանի ակտիվ խաղից դուրս գալով՝ քրդական պատնեշի անհրաժեշտությունը վերացավ։
Աշխարհաքաղաքական բեմահարթակ դուրս եկավ ահաբեկիչ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին, ով այսօր փաստացի ղեկավարում է Սիրիան։ Չնայած նրա ահաբեկչական անցյալին՝ Վաշինգտոնն ու Իսրայելը նրա մեջ տեսան ավելի հեռանկարային գործընկերոջ։ Ինչո՞ւ։ Որովհետև Ջուլանին վերահսկում է ավելի շատ ռեսուրսներ, ունի ավելի հզոր բանակ և, որ ամենակարևորն է, խոստացել է պայքարել իրանական ազդեցության մնացորդների, «Հեզբոլլահի» և «Հաշդ աշ-Շաաբիի» դեմ։ Ամերիկյան պրագմատիզմի տրամաբանության մեջ Ջուլանին դաշնակցի «կատարելագործված տարբերակն» է. նա ավելի ուժեղ է, ավելի ագրեսիվ և պատրաստ է կեղտոտ աշխատանքն անել ավելի մեծ մասշտաբներով։
Արդյունքը քրդերի համար աղետալի է։ Դեյր էզ-Զորի նավթաբեր հանքավայրերի կորուստը, ռազմավարական օդանավակայանների և կամուրջների գրավումը նոր վարչակարգի ուժերի կողմից՝ այս ամենը տեղի ունեցավ ԱՄՆ-ի փաստացի լռության ներքո։ «Երաշխավորները» սահմանափակվեցին պատժամիջոցների մասին հերթապահ սպառնալիքներով, մինչդեռ տեղում նրանց երեկվա դաշնակիցներին հարկադրում են կապիտուլյացիայի։
Սիրիայում տիրող իրավիճակը այն կուրսի սարսափազդու արտացոլումն է, որն այսօր ընտրել է պաշտոնական Երևանը։ Միայն ԱՄՆ-ի և արևմտյան ձևաչափերի (ներառյալ TRIPP-ը) վրա հույս դնելը՝ նախկին կապերի ցուցադրական խզմամբ, քրդական սխալի կրկնությունն է՝ արդեն ամբողջ պետության մասշտաբով։
Քրդերը հավատում էին, որ իրենց «ժողովրդավար լինելը» և հավատարմությունը Վաշինգտոնին ապահովագրական պոլիս է։ Իրականում նրանք ընդամենը ժամանակավոր գործիք էին։ Հայաստանն այսօր ռիսկի է դիմում հայտնվել նույն դերում։ Արևմուտքի համար Հայաստանը կարևոր է միայն այնքան ժամանակ, քանի դեռ այն ծառայում է որպես ռուսական ազդեցության թուլացման կամ Իրանի զսպման գործիք։ Հենց որ հորիզոնում հայտնվի ավելի շահավետ գործարք (օրինակ՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հետ՝ «իրանական հարցի» վերջնական լուծման համար), Հայաստանին կարող են նույն կերպ «ինտեգրել» տարածաշրջանային նախագծերում՝ հաղթողների պայմաններով։
Այն համաձայնագիրը, որն այժմ պարտադրում են քրդերին՝ SDF-ի լուծարում, սահմանների և ռեսուրսների հանձնում Դամասկոսի (կարդա՝ Ջուլանու) վերահսկողությանը, դա դե-ֆակտո ինքնավարության վերացումն է։ Երևանը, հույսը դնելով Բաքվի հետ բանակցություններում արևմտյան միջնորդների վրա, ռիսկի է դիմում ստանալ նույնանման արդյունք՝ «խաղաղություն»՝ սեփական անվտանգության և տարածքի նկատմամբ վերահսկողության իրական լծակների կորստի գնով։
Քրդերն այսօր պայթեցրել են Եփրատի կամուրջները՝ փորձելով փրկվել, բայց դա միայն խորացրել է հումանիտար աղետը։ Առանց արտաքին աջակցության նրանց դիմադրությունը ժամանակի հարց է։ Հայաստանը, քանդելով անվտանգության հին ճարտարապետությունը և չունենալով նորի հաստատուն երաշխիքներ (բացի դիտորդական առաքելությունների խոստումներից և «ժողովրդավարությանն աջակցությունից»), իրեն դնում է մի իրավիճակում, երբ «X ժամին» նա միայնակ կմնա հարևանների գերազանցող ուժերի դեմ։
Վաշինգտոնը փաստացի հավանություն տվեց իշխանափոխությանը՝ ընդունելով, որ Ջուլանին «ավելի արդյունավետ» է պայքարում իրանական սպառնալիքի դեմ։ Քրդական ղեկավարությունը ստիպված է գնալ «ինտեգրման» մասին ստորացուցիչ բանակցությունների, որոնք ավելի շատ նման են անվերապահ կապիտուլյացիայի ակտի։
Հետևությունը Հայաստանի համար պարզ է. մեծ աշխարհաքաղաքականության մեջ չկան «արժեքների ընկերներ», կան միայն շահերի ժամանակավոր համընկնումներ։ Քրդերը պետք էին հին Սիրիան քանդելու համար։ Ջուլանին պետք է նոր հակաիրանական կոալիցիա կառուցելու համար։ Պատմությունը սովորեցնում է, որ ԱՄՆ-ը հեշտությամբ փոխում է «ժողովրդավարական գործընկերներին» «օգտակար բռնապետների» հետ, եթե վերջիններս ավելի լավ արդյունք են խոստանում։
Հայաստանը պետք է երկու անգամ մտածի, նախքան կամուրջները վերջնականապես այրելը՝ հուսալով, թե ամերիկյան ավիակիրը կհասնի Կովկասի լեռները։ Քրդերին այն այդպես էլ չհասավ։
Մտածե՛ք այդ մասին․․․»։