Շաքիում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողի կալանքը 3 ամսով երկարաձգվել է
26 Նոյեմբերի 2026, 16:50
Այսօր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ դատավոր Հրաչ Դաջունցի նախագահությամբ, կայացավ Շաքիի դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը։
Նիստին ներկա էր ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Շաքի բնակավայր մուտք գործած և հանցանք կատարած ադրբեջանցի մեղադրյալը։ Առողջական խնդիրների և երեխաների հոգեբանական ծանր վիճակի պատճառով դատական նիստին ներկա չէին տուժող Անի Ավետիսյանն ու նրա անչափահաս երեխաները։
Նիստի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդություն ներկայացրեց մեղադրյալի խափանման միջոց կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ՝ հիմնավորելով, որ դեռևս չեն վերացել նրա կողմից փախուստի դիմելու, գործի քննությանը խոչընդոտելու, ինչպես նաև նոր հանցանք կատարելու ռիսկերը։ Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը։
Այնուհետև տուժող Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ դեռևս ամբողջությամբ ծանոթ չէ գործի նյութերին։
Դատարանը բավարարեց նաև պաշտպանական կողմի միջնորդությունը. նիստը հետաձգվեց և նշանակվեց 2026 թվականի դեկտեմբերի 14-ին։