«Եթե հրավիրեն դատարան, պետք է ուղղաթիռով տանեն-բերեն». Շաքիի դեպքից տուժած Անի Ավետիսյանը դեմ է երեխաների հարցաքննությանը
26 Նոյեմբերի 2026, 17:50
Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած Անի Ավետիսյանն առողջական ծանր վիճակի պատճառով չի կարողացել մասնակցել գործով առաջին դատական նիստին։ 24News-ի հետ զրույցում նա նշել է, որ ի վիճակի չէ անգամ ինքնուրույն կանգնել և տեղաշարժվել։
«Եթե հրավիրեն դատարան, պետք է ուղղաթիռով ինձ տանեն-բերեն։ Ես ի վիճակի չեմ, անգամ չեմ կարողանում կանգնել, ուր մնաց՝ հասնեմ դատարան»,- ասել է Ավետիսյանը։
Անդրադառնալով դատական գործընթացին՝ Անի Ավետիսյանը նշել է, որ տեղյակ է եղել նիստի կայացման մասին, սակայն կտրականապես դեմ է, որպեսզի գործով տուժողի կարգավիճակ ունեցող իր անչափահաս երեխաներին հարցաքննության հրավիրեն։
«Չեմ ցանկանում, որ երեխաները ևս մեկ անգամ տեսնեն ադրբեջանցի զինծառայողին և վերապրեն կատարվածը»,- ընդգծել է նա։