Էներգետիկ համակարգերի միացումը կարող է լուրջ խթան դառնալ Հայաստանի համար. Արա Մարջանյան

23 Հունվարի 2026, 16:01

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանի էներգետիկ համակարգերի հնարավոր համակցումը հարևան երկրների հետ ենթադրում է լայնածավալ տեխնիկական աշխատանքներ և միջնաժամկետ ծրագրերի իրականացում։ AlphaNews-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիանան։ «Էներգետիկ համակարգերի ֆիզիկական միացումը նշանակում է բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի վերաթողարկում կամ նորերի կառուցում, ինչպես նաև գործող ենթակայանների արդիականացում կամ նոր ենթակայանների կառուցում, որոնք կսնուցեն այդ գծերը։ Այս բոլոր աշխատանքների ընդհանուր տևողությունը կարելի է գնահատել մոտավորապես 1,5-2 տարի»,- նշել է Մարջանյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ցանցերը տասնամյակներ շարունակ գործել են զուգահեռ ռեժիմով, ինչը բարձրացրել է համակարգերի արդյունավետությունը, կառավարելիությունը և էլեկտրամատակարարման հուսալիությունը։