Իշխանությունը «շղթայում է» դիտորդական առաքելությունները նոր սահմանափակումներով. Ատոմ Մխիթարյան

26 Հունվարի 2026, 16:46

Քաղաքականություն

«Հայաքվե» խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները, որոնցով տեղական դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների և հիմնադրամների համար գործող 3 պահանջը դարձել է 11։ Ըստ բանախոսի՝ սա դիտորդական գործունեության էական սահմանափակում է։

Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները վերաբերում են քաղաքական չեզոքությանն ու ֆինանսական աղբյուրների բացահայտմանը։ «Կազմակերպությունները պարտավոր են բացահայտել ֆինանսավորման բոլոր աղբյուրները և անմիջապես զեկուցել ԿԸՀ-ին, եթե առաքելության ընթացքում նույնիսկ չնչին գումարային փոփոխություն է լինում»:

Ինչ վերաբերում է քաղաքական չեզոքությանը, ապա, ըստ փորձագետի, հավատարմագրման դիմումը ներկայացնելու պահից դիտորդական առաքելությունները պետք է հրապարակայնորեն որևէ դիրքորոշում չարտահայտեն։ «Սա լռեցնելու փորձ է»,- հավելել է նա։

Բացի այդ, ՀԿ-ները պարտավոր են հրապարակել իրենց տարեկան հաշվետվությունները դեռևս մինչև դիմում ներկայացնելը, նույնիսկ եթե օրենքով սահմանված հերթական ժամկետը (մայիս ամիսը) դեռ չի լրացել։

«Այս փոփոխություններն էապես սահմանափակելու են հասարակական կազմակերպությունների գործունեության տիրույթը և դիտորդական առաքելությունների անկախությունը»,- նշել է Ատոմ Մխիթարյանը։