Միակուսակցական դիկտատուրայի հիմք է դրվում. Արեգ Սավգուլյան

26 Հունվարի 2026, 17:44

Քաղաքականություն

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրեն բնորոշ «երկաթյա տրամաբանությամբ» փորձում է հասարակական դաշտից դուրս մղել անկախ դիտորդներին։ Այս մասին ասել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արեգ Սավուլյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններին։

Ըստ նրա՝ նոր օրինագիծը նպատակ ունի ստեղծել արտոնյալ պայմաններ բացառապես իշխանամետ դիտորդական կազմակերպությունների համար, որոնք ապագայում կկազմեն իշխանահաճո զեկույցներ:

«Այս օրինագծով ստեղծվում է յուրահատուկ «կոմֆորտ զոնա» ՔՊ-ի արբանյակ կազմակերպությունների համար։ Մենք ենթադրում ենք, որ սրանով դրվում է ապագա ընտրությունների կեղծման ֆունդամենտը հասարակական դաշտում»,- նշել է նա:

Բանախոսը շեշտել է, որ իշխանությունը փորձում է մեկուսացնել «Հայաքվե»-ին, որն այս ոլորտում հանդես է գալիս որպես «ազգային օպերատոր»։ Նա հիշեցրել է, որ 2023 թվականից ի վեր նախաձեռնությունը տիտանական աշխատանք է կատարել՝ դիտորդական առաքելություն իրականացնելով Երևանի ավագանու, Գյումրիի, Փարաքարի և Վաղարշապատի ընտրություններում։

Սավգուլյանի փոխանցմամբ՝ իրենց զեկույցները եղել են անաչառ և վերաբերել են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից թույլ տրված խախտումներին, ինչն էլ առաջացրել է իշխող ուժի դժգոհությունը։