Մոսկվան լարվածությունը թուլացնելու փոխզիջումային լուծումներ է ներկայացրել Երևանին և Բաքվին

04 Օգոստոսի 2023, 12:48

Քաղաքականություն

Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի վերջին եռակողմ հանդիպման ժամանակ ռուսական կողմը լարվածությունը թուլացնելու առաջարկներ է արել Հայաստանին և Ադրբեջանին, և կողմերն ուսումնասիրում են այդ առաջարկները։

«ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով վերջին շփումները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ բարդ իրավիճակի ֆոնին։ Առանց զգայուն մանրամասների հրապարակման՝ կարող եմ ասել, որ մեր կողմից լարվածության թուլացման փոխզիջումային լուծումներ են առաջարկվել, որոնք կողմերը վերցրել են՝ «տանն ուսումնասիրելու»: Մենք հույս ունենք, որ մարդասիրական նկատառումները, հասարակ մարդկանց մասին հոգատարությունը կգերակշռեն Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնություններին», — ասել է նա:

Պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը բոլոր փուլերում ակտիվորեն մասնակցել է ԼՂ հակամարտության կարգավորմանը, և հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ 2020-2022 թթ․-ին  կնքված եռակողմ համաձայնությունների մասին։

Գոնչարը նաև նշել է, որ ռուսական կողմը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, հասարակայնության ներկայացուցիչների և փորձագետների միջև երկխոսության զարգացումը:

«Ամեն ինչ չէ, որ այնքան արագ է ընթանում, որքան մենք կցանկանայինք, բայց դա հասկանալի է՝ հաշվի առնելով այն խնդիրների և հակասությունների շարքը, որոնք կուտակվել են հակամարտության տարիների ընթացքում», — հավելել է Գոնչարը։