«Ժողովուրդն է խոսում»․ Իշխանությունները մեզ դավաճանեցին փողի համար, իսկ հիմա բանտարկում են հոգևորականներին ու բարերարներին
07 Փետրվարի 2026, 11:00
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
«Ինչ-որ հարաբերություններ պետք են, բայց սահմանները պետք է պահպանվեն։ Պատմությունը ցույց է տվել, որ Թուրքիայի հետ մենք ոչ մի լավ բան չենք ունեցել։ Ես ինքս ծնվել եմ Կիրովաբադում, որտեղից հետո ծնողներս փախել են։ Տատս միշտ ասում էր՝ թուրքերի հետ պետք է զգույշ լինել։ Նրանք խլում են մեր հողերը, ոչնչացնում են մեր ողջ ժառանգությունը»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին։
«Ես բացարձակ համաձայն չեմ թուրքերի հետ հարաբերություններ հաստատելուն։ Մի պետություն, որը քո ժողովրդին ենթարկել է Ցեղասպանության, մինչ օրս չի ճանաչում այն և շարունակում է մնալ սպառնալիք։ Նման պետության հետ, ես կարծում եմ, չի կարելի հարաբերություններ հաստատել»,-նշել է հարցախույզի մեկ այլ մասնակից։
Պատասխանելով Հայաստանի անվտանգության մասին հարցին՝ քաղաքացիները մտահոգություն են հայտնել՝ նշելով, որ ներկայիս կառավարությունը դրան լուրջ չի վերաբերվում:
«Հայաստանի անվտանգությունն այսօր թույլ է։ Կարծում եմ՝ կառավարությունը դրան լուրջ չի վերաբերվում։ Սահմանին, ցավոք, անվտանգություն չկա, թեև երկրի ներսում, փառք Աստծո, ամեն ինչ հանգիստ է»,- ասել է հարցվածներից մեկը։
Հարցման մեկ այլ մասնակից ընդգծել է, որ պետության ղեկին պետք է լինեն փորձառու մարդիկ, այդ թվում՝ զինվորականներ։
«Ես կարծում եմ, որ պետության ղեկին պետք է լինեն զինվորականներ։ Սա իմ անձնական կարծիքն է։ Իսկ սովորական մարդիկ պետք է զբաղվեն իրենց գործով, իսկ երկրի անվտանգությամբ՝ վճռական զինվորականները»,- նշել է քաղաքացիներից մեկը:
Alpha News-ի հարցման մասնակիցների խոսքով՝ Հայաստանի հաջորդ ղեկավարը պետք է հոգ տանի ժողովրդի բարեկեցության, երկրի անվտանգության ու նրա ապագայի մասին, ինչպես նաև օժտված լինի ամուր կամքով:
«Հայաստանի ղեկին պետք է լինի իսկական հայկական բնավորությամբ տղամարդ։ Մենք Արցախյան պատերազմն արդար չենք պարտվել. պարտություն չի եղել, մեզ դավաճանել են փողի դիմաց։ Կարծում եմ, որ մեր առաջնորդը պետք է կարողանա նստել երկու, նույնիսկ երեք աթոռի վրա, բայց չկորցնի իր ինքնիշխանությունն ու դեմքը, տղամարդ մնա իր ընտանիքում»,-նշել է քաղաքացիներից մեկը:
Հարցվածները կարծում են, որ Հայաստանի գործող վարչապետը չի լուծում խնդիրները, այլ միայն հրահրում է առճակատում Եկեղեցու հետ:
«Շատ վատ է, որ այդպես են վերաբերվում Եկեղեցուն։ Դրա համար էլ ես, իհարկե, դեմ եմ, որ հոգևորականներին բանտարկում են։ Եթե խնդիր կա, Փաշինյանը դա չի լուծի, նա պարզապես պղտորում է ջուրը և վերջ»,- ասել է մեկ այյ քաղաքացի։
Մարդիկ նաև անհամաձայնություն են հայտնել բարերար և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իշխանությունների գործողություններին՝ նշելով, որ նման քայլերն անթույլատրելի են և միայն ուժեղացնում են հանրային դժգոհությունը:
«Ինչպե՞ս կարելի է նման մարդուն բանտարկել մեկ նախադասության համար։ Ես լսել եմ, որ նա շատ է օգնել Հայաստանին՝ և՛ ֆինանսապես, և՛ բարոյապես։ Այսպես ասեմ՝ ես դեմ եմ նրան բանտարկելուն։ Ես կողմնակից եմ, որ ամեն ինչ լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է քաղաքացին: