Մարգարիտա Սիմոնյանն իր վեպի համար արժանացել է հատուկ մրցանակի

07 Փետրվարի 2026, 16:20

Հայեր

«Россия сегодня» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ««Слово» ազգային գրական մրցանակաբաշխության ժամանակ հատուկ մրցանակի է արժանացել «Սկզբում Խոսքն էր, վերջում ՝Թիվը» գրքի համար։

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի «Մալայա Բրոննայա» թատրոնում։

Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ գիրքը գրելիս յուրաքանչյուր գլուխը կարդացել է իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի, իր մոր և սկեսուրի համար։ Նրա խոսքով՝ տեքստում խմբագրումներ է կատարել նրանց խորհուրդներով և, հետևաբար, իր հարազատներին համարում է գրքի համահեղինակներ։

«Սա մեր ընդհանուր գիրքն է, որը մեզ ուժ է տալիս ապրելու և հասկանալու, որ Աստված գոյություն ունի, իսկ մահ չկա։ Շատ շնորհակալ եմ բոլորիդ»,- հավելել է Սիմոնյանը։

Նա նաև պատմել է, որ գրքի հրապարակումից հետո ստացել է բազմաթիվ արձագանքներ ընթերցողներից, որոնք գրել են՝ գիրքն օգնել է վերաիմաստավորել իրենց կյանքը, վերագտնել հավատը և ուժ ստանալ հարազատների կորստից հետո։