Լուսինե Թումանյանի կտավը համալրել է Սան Լաձարոյի վանքի հավաքածուն

08 Փետրվարի 2026, 13:50

Մշակույթ

Լուսինե Թումանյանի կտավը այժմ զարդարում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող հայկական վանքի թանգարանը։ Նկարիչը ստեղծել է գործը հատուկ այս թանգարանի համար, որտեղ պահվում են հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու աշխատանքներ, հին հայկական գրքեր և այլ արժեքավոր նմուշներ, և այն անձամբ է տեղափոխել Իտալիա։ Սուրբ Ղազար կղզու միաբանները շնորհակալությամբ ընդունել են նվերը՝ նրան ընծայելով կղզում աճեցված վարդաթերթերից պատրաստված մուրաբա, իսկ ավելի ուշ ուղարկել են շնորհակալական նամակ՝ արևմտահայերենով։

Լուսինե Թումանյանը Սանկտ Պետերբուրգի Ռերիխի անվան գեղարվեստի ուսումնարանի շրջանավարտ է, ներկայացրել է Հայաստանը Լուքսորում անցկացված արվեստի 16-րդ միջազգային սիմպոզիումում, մասնակցել է ցուցահանդեսների Նոր Տրետյակովյան պատկերասրահում, «Մոսկովյան Մանեժ»-ում, «Էրարտա» և «Տապան» թանգարաններում։ Նրա աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Ֆլորենցիայի դասական արվեստի ակադեմիայի և Եգիպտոսի մշակույթի նախարարության հավաքածուներում։