Թուրքիան քնած է տարածաշրջանում, բայց դա կարող է լինել հանգստություն՝ փոթորկից առաջ․ Տիրան Լոքմագյոզյան

05 Օգոստոսի 2023, 14:30

Քաղաքականություն

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Alpha Newsroom-ի հետ զրույցում զգուշացնում է՝ թեպետ Թուրքիան հիմա, կարծես թե, քնած է տարածաշրջանում, բայց դա կարող է լինել փոթորկից առաջ եկող հանգստություն։

«Կարծես՝ ամբողջ Թուրքիան հանգստանում է։ Շարժում չի երևում այս տարածաշրջանում և նաև Հայաստանի հետ կապված, միայն տեսանք, որ նշանակվելուց հետո Հաքան Ֆիդանը մի անգամ գնաց Ադրբեջան, որոշեցին, թե ինչ պիտի անեն, սակայն դրանից հետո ձայն-ծպտուն չկա։ Սա չի նշանակում, որ Թուրքիան քնած է, իրենք իրենց պատրաստությունները անում են, գուցե դա փոթորիկից առաջ եկող հանգստություն կարող է լիել։Իհարկե, ապագան ցույց կտա»,-ասել է թուրքագետը։

Անդրադառնալով հարցին, թե որ փուլում են այժմ Հայաստան- Թուրքիա հարաբերությունները, Լոքմագյոզյանը նկատել է՝ հարաբերությունների չկարգավորման փուլում ենք հիմա։
Թուրքագետն անդրադարձել է նաեւ Էրդողանի վերընտրությանը։

«Ինչպես երևում է, Թուրքիայի ընտրություններից հետո, այդ երկրում, կարծես թե, հանգստություն է տիրում։ Ես բազմիցս ասել եմ՝ սա երևի էրդողանի վերջին ընտրությունն էր, ինքը երևի հույս չունի՝ նորից ընտրվելու։ Առաջինը իրավունքն էլ չունի, և հետո՝ իր առողջությունն էլ չի ներելու։ Հազիվհազ հասցրեց, որ այս ընտրությունները անցկացնի, և արդյոք մինչև վերջ կմնա՝ առողջության պատճառով, թե՞` ոչ »,-նշել է թուրքագետը։

Տիրան Լոքմագյոզյանի համոզմամբ՝ Էրդողանն այժմ այնպիսի կաբինետ է ստեղծել, որտեղ մասնագետներ են, ոչ թե նախկինի պես «մանկլավիկներ»․

«Մինչև այսօր տեսնում էինք, որ Էրդողանը, կարծես թե, մեն-մենակ էր իշխում, որովհետև նայում էինք՝ կողքին մարդ չկար, բոլոր նախարարները, կարելի է ասել, մի քիչ պինդ խոսքով մանկլավիկներ էին։ Ամեն ինչ ինքն էր անում։ Այս անգամ լրիվ ուրիշ կաբինետ տեսանք։ Այստեղ բոլոր նախարարներն էլ պրոֆեսորներ, մասնագետներ են։ Այնպիսի կաբինետ է ստեղծել հիմա, որ ինքը այժմ կարող է հանգստանալ, և թողնել, որ մասնագետները աշխատեն իր փոխարեն»։

Հիմա եթերում