Մոսկվան, թերևս, պետք է սպասի, մինչև մարդկանց մոտ ձևավորվի իրականության իրատեսական ընկալում. Վասիլի Կոլտաշով
05 Օգոստոսի 2023, 19:00
Ազգային ինքնագիտակցության զարգացման և իրականության ընկալման տրամաբանությունը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի դեպքում մոտավորապես նույնն է։ Այս մասին Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ասել է Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն Վասիլի Կոլտաշովը։
«Կատարվածը հասկանալու համար պետք է երկու բան պարզել. առաջինը՝ Մոսկվայում համոզված են, որ այս խաղում իրենց դեմ խաղում է և՛ Բաքուն, և՛ Երևանը։ Ի՞նչ կարող է լինել սա, եթե ոչ սինքրոն վարքագիծ: Սկզբունքորեն, նրանք խաղում են Կովկասում Ռուսաստանի ազդեցության դեմ, ահա և վե՛րջ։ Բրիտանացիներն, օրինակ, ազդում են Ադրբեջանի վրա, ֆրանսիացիները, որպես ամերիկյան դիմակ, ազդում են Հայաստանի վրա, և բոլորը պարտիա են խաղում Ռուսաստանի դեմ՝ նրան փակուղի մտցնելու համար։ Իսկ Ռուսաստանի ղեկավարության նպատակը իրավիճակը մեղմելն է։
Վերջապես, այս մանրամասներն ավելի խորը հասկանալու համար պետք է ևս մեկ անգամ անդրադառնանք այս պատերազմի մեկնարկի թեմային, Փաշինյանի արած հայտարարություններին, որոնք, որքան հիշում եմ, շատերի կողմից շատ դրական են ընդունվել Հայաստանում: Շատերն ասում էին, որ մեր բանակը վերահսկում է այդ բոլոր շրջանները, ուրեմն դա հպարտության առարկա է։ Մենք մեծ Հայաստանն ենք, մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է լինելու, չէ՞ որ մենք ունենք ժամանակակից եվրոպական առաջնորդ։
Ես միտքը բերում եմ նրան, որ ազգային ինքնագիտակցության զարգացման և իրականության ընկալման տրամաբանությունը, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի դեպքում, մոտավորապես նույնն է։
Տարիներ շարունակ Հայաստանում եղել է իր վեհության զգացումը, երբ կա մոնոէթնիկ ժողովուրդ, շատ համախմբված մշակութային ազգ` մեկ լեզվով, մեկ մշակույթով, մեկ հավատքով, մեկ ես-ի զգացումով»:
Փորձագետի խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանում հաղթանակի մասին թեզեր առաջացան, որ այդ հայերը ոչինչ չարժեն, մենք նրանց ջախջախել ենք։ Քանի որ մենք մեծ ազգ ենք, և նրանք ամեն ինչ հորինել են իրենց համար, և մենք դա ցույց տվեցինք նրանց 2020 թվականին:
«Նման մտածողությունը, իրականության ազգային ընկալումը առկա է և՛ այնտեղ, և՛ այստեղ, և դրա հետ ոչինչ անել չի կարելի, որովհետև ամեն անգամ դրա վրա հենվում են քաղաքական ղեկավարները։
Փաշինյանից առաջ Հայաստանի ղեկավարությունը հասկանում էր, որ պետք է համեստ վարվել և ավելորդ բաներ չասել, հատկապես, երբ իմանալով ՄԱԿ-ի փաստաթղթերը՝ դու ավելի շատ տարածքներ ես վերահսկում, քան պետք է։ Պետք է օգտվել փաստերից, պետք է աշխատել միջազգային իրավունքի ձևերի հետ և ոչ մի դեպքում սրացում չհրահրել։ Բայց, եկավ մի ալիք, որն արտացոլում էր հենց այդ տրամադրությունը, որը կար մարդկանց, ժողովրդի մեջ։
Երբ Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ սկսվեցին, որոշակի վերելք առաջացավ, որովհետև մենք ինչ-որ մեծ բանի ժառանգներ ենք, իսկ նրանք՝ ոչ։ Եվ ահա, այս բախումը շատ բնորոշ է բոլոր ժողովուրդներին, բոլոր ազգերին, և Մոսկվայում էլ են հասկանում, որ ամեն երկրում իրադարձությունները զարգանում են որոշակի ծրագրով։ Այս ծրագիրը բնորոշ է բոլոր ազգերին: Միակ բանն այն է, որ այն երբեմն փոքր-ինչ փոխվում է, երբ երկրի չափերը մեծանում են, ապա գործընթացները սկսում են մի փոքր այլ կերպ ընթանալ։ Նման դեպքերում երկրներն իրենց այլ կերպ են պահում։
Իսկ Մոսկվան, թերևս, պետք է սպասի, մինչև որոշակի տրամադրություններ այրվեն, և մարդկանց մոտ ձևավորվի իրականության իրատեսական ընկալում, որը սկսվում է նրանից, որ պետք է բարձրանալ մեծ բարձունքին ու նայել Հայաստանի և Ադրբեջանի չափերին, և հասկանալ, որ դրանք ընդամենը երկու փոքր տարածքներ են», — նշել է փորձագետը: