Կոստանդնուպոլսի պատրիարք և հայագետ գիտնական. Մաղաքիա Օրմանյան

23 Փետրվարի 2026, 22:00

Հայեր

Մշանավոր աստվածաբան, պատմաբան և հայագետ Մաղաքիա Օրմանյանը ծնվել է 1841 թվականի փետրվարի 23-ին Կոստանդնուպոլսում՝ հայ կաթոլիկ ընտանիքում: Վաղ տարիքից նա հետաքրքրություն է ցուցաբերել հոգևոր և գիտական գիտելիքների հանդեպ, ինչն էլ կանխորոշել է նրա հետագա ուղին:

1851 թվականին պատանի Օրմանյանին ուղարկել են Հռոմ, որտեղ սովորել է Անտոնյան միաբանության Սուրբ Գրիգոր վանքում, ապա շարունակել կրթությունը Վատիկանում: Ստացել է փիլիսոփայության, աստվածաբանության և եկեղեցական իրավունքի մագիստրոսի աստիճան, դարձել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ և հայոց լեզու դասավանդել Հավատի քարոզչության կոլեգիայում: 1869–1870 թթ. որպես կաթոլիկ աստվածաբան մասնակցել է Վատիկանի առաջին ժողովին:

1876 թվականին վերջնականապես որոշել է խզել իր կապերը Վատիկանի հետ և հրաժարվել է կաթոլիկությունից։ 1879 թվականին ստացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու ծայրագույն վարդապետական աստիճան։ Արդեն 1880 թվականին նա դարձել է Էրզրումի հայերի առաջնորդը, իսկ ավելի ուշ գլխավորել Արմաշի դպրեվանքը (1888–1896 թթ.), որտեղ կրթել է հոգևոր գործիչների մի ամբողջ սերունդ:

1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Օրմանյանը Ներսես Վարժապետյանի հետ միասին գործուն մասնակցություն է ունեցել Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի մասին փաստաթղթերի պատրաստմանը և Հայկական հարցի հայեցակարգի մշակմանը: Այս ուղղությամբ նրա աշխատանքը կարևոր ավանդ էր 19-րդ դարի վերջի հայ ժողովրդի քաղաքական և հասարակական մտքի ձևավորման գործում:

1896 թվականի նոյեմբերի 6-ին Օրմանյանն ընտրվել է Կոստանդնուպոլսի Պատրիարք և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև 1908 թվականի հուլիսը: Նրա պատրիարքությունը համընկել է պատմական բարդ ժամանակաշրջանի հետ, երբ Օսմանյան կայսրության հայ համայնքը բախվում էր քաղաքական և սոցիալական լուրջ մարտահրավերների: Չնայած դժվարություններին՝ նրան հաջողվել է ամրապնդել Հայ Եկեղեցու հոգևոր կյանքը և կրթական հաստատությունները:

Օրմանյանը ոչ միայն եկեղեցական գործիչ էր, այլև ականավոր գիտնական: Նրա գլխավոր աշխատությունը՝ «Հայոց եկեղեցին» (L’Église Arménienne), որը հրատարակվել է Փարիզում 1910 թվականին, դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու պատմության և կառուցվածքի հիմնարար հետազոտություն: Այս աշխատությունը 1911 թվականին թարգմանվել է հայերեն, իսկ ավելի ուշ՝ անգլերեն՝ պահպանելով իր նշանակությունը որպես հայ եկեղեցու պատմության վերաբերյալ ամենաճշգրիտ և հանգամանալից երկերից մեկը:

Մաղաքիա Օրմանյանը մի անհատականություն էր, ով կարողացել է միահյուսել խորը հավատը, գիտական մտածողությունը և նվիրվածությունը սեփական ժողովրդին: Նրա աշխատություններն ու գործունեությունը ամրապնդել են Հայ Առաքելական Եկեղեցու դիրքերը և ծանրակշիռ ներդրում ունեցել հայ աստվածաբանական ու պատմագիտական մտքի զարգացման գործում: Նրա անունը հավերժ կմնա պատմության մեջ որպես հայ ժողովրդի հոգևոր առաջնորդության և մտավոր ուժի խորհրդանիշ: