Չի կարելի որակյալ բուժօգնություն պահանջել՝ վճարելով կոպեկներ. Գրիգորյան

25 Փետրվարի 2026, 20:30

Քաղաքականություն

Բուժաշխատողները չպետք է դիտարկվեն որպես բողոքող աուդիտորիա և ստիպված լինեն իրենց խնդիրների մասին բարձրաձայնել միտինգների միջոցով։ AlphaNews-ի հետ զրույցում ասել է բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ բուժաշխատողների կարծիքը հաճախ հաշվի չի առնվում, իսկ նրանց աշխատավարձերը պահպանվում են նվաստացուցիչ մակարդակի վրա։

«Ոլորտում առկա խնդիրների շուրջ համացանցում շրջանառվող մեղադրանքները բժիշկների հասցեին ուղղորդված են և չեն արտացոլում իրականությունը»,- նշել է նա։

Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ հիվանդները շատ լավ հասկանում են, որ ապահովագրության պայմաններում հնարավոր չէ պահանջել որակյալ բուժօգնություն՝ վճարելով նվազագույն գումարներ։

«Ամենաթանկ արժեքը առողջությունն է, և չի կարելի պահանջել որակյալ բուժօգնություն՝ վճարելով կոպեկներ»,- նշել է բժիշկը։

Գրիգորյանը շեշտել է, որ գնաճի պայմաններում աշխատավարձերի նվազեցումը սոցիալական լուրջ խնդիրներ է ստեղծում բուժաշխատողների համար։

«Բուժաշխատողը խալաթը հանելուց հետո սովորական մարդ է՝ իր վարկերով, հիփոթեքով, երեխաների կրթության և առօրյա ծախսերով»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ բուժաշխատողներ և ՀԿ ներկայացուցիչներ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիան են իրականացրել՝ կապված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի բացերի և ռիսկերի հետ։ Նրանք նշել են, որ ապահովագրական համակարգի ներդրումից հետո բժիշկները ոչ միայն ուշացումով են ստացել իրենց աշխատավարձերը, այլև դրանք եղել են բավականին ցածր։

Մանրամասները՝ տեսանյութում: