Սկանդալ՝ Արման Ծառուկյանի հաղթական գոտեմարտից հետո

01 Մարտի 2026, 13:00

Սպորտ

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի RAF 06 (Real American Freestyle) մրցաշարի շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն ուժերն է չափել պրոֆեսիոնալ ըմբիշ և հայտնի բլոգեր Ջորջիո Պուլասի հետ։

​Գոտեմարտն աչքի է ընկել չափազանց լարված ընթացքով և ավարտվել է Ծառուկյանի հաղթանակով՝ 5-3 հաշվով։ Հանդիպման հանգուցալուծումը բավականին դրամատիկ ստացվեց: Կրքերը մրցագորգին այնքան էին շիկացել, որ եզրափակիչ սուլիչի հնչելուն պես գոտեմարտի մասնակիցների միջև բախում սկսվեց, որն արագորեն վերածվեց կատաղի ձեռնամարտի։

Նշենք, որ սա Արման Ծառուկյանի երկրորդ գոտեմարտն էր այս լիգայի հովանու ներքո։ Ընթացիկ տարվա հունվարի 10-ին նա փայլուն նորամուտ էր ունեցել պրոֆեսիոնալ ըմբշամարտի RAF 05 մրցաշարում՝ 10-0 հաշվով վստահ և տպավորիչ հաղթանակի հասնելով ամերիկացի Լենս Պալմերի նկատմամբ։