Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ռազմական էսկալացիան՝ ընդդեմ Իրանի․ առաջին արձագանքները համաշխարհային տնտեսությունում

03 Մարտի 2026, 20:15

Ռազմական գոործողություններն Իրանի դեմ աշխարհի ուշադրության կենտրոնում են՝ բոլոր հարթություններում, այդ թվում՝ տնտեսական խաղացողների։

Որպես կանոն, ցանկացած խոշոր ցնցում կամ երբեմն անգամ աշխարհի առաջատար խաղացողների մեկ հայտարարությունը կարող է ֆինանսական շուկաների սուբյեկտների մոտ առաջացնել բավական զգայուն վարքագիծ։ Բնականաբար, առաջնային արձագանքներն էմոցիոնալ են և երկարաժամկետ պլանավորման համատեքստում՝ ոչ միանշանակ։

Մերձավոր Արևելքում պատերազմական գործողությունների ներկա իրողություններում ամենազգայունը, հասկանալիորեն, նավթի գների տատանումներն են, ինչպես նաև տարատեսակ գնահատականներն ու սպասումները՝ պայմանավորված Իրանի կողմից Հորմուզի նեղուցի հնարավոր արգելափակմամբ։ Գործնականում նեղուցն այսօր արգելափակված է, ինչը չէր կարող առաջին հերթին, չազդել նավթի համաշխարհային գների վրա, իսկ ավելի երկարաժամկետ կտրվածքով՝ ձևավորվող տարբեր բացասական սպասումների վրա։

Եվ այսպես, սկսենք Հորմուզի նեղուցի շուրջ ձևավորված սպասումներից։Նավթի համաշխարհային լոգիստիկայի տեսանկյունից նեղուցի դերակատարությունը դժվար է գերագնահատել։ Մի կողմից այն ապահովում է նավթի համաշխարհային օրական հոսքերի 20-25%-ը, հեղուկացված գազի՝ մոտ մեկ երրորդը, իսկ մյուս կողմից՝ զգալի ծավալներ դեպի ասիական երկրներ․ նեղուցով փոխադրվող նավթամթերքի մեծ մասը մատակարարավում է հենց այդ երկրներին։

Ասիական շուկաներում սպասումները, որոնք արտահայտվել են հիմնականում ինդեքսների անկմամբ, լիովին հասկանալի են։ Մի կողմից՝ նեղուցի թողունակության այսօրվա սահմանափակումները, մյուս կողմից՝ հակահարվածների հետևանքով մերձավորարևելյան երկրների նավթային տանկերների խոցումն արդեն իսկ բարձրացրել է նավթի գները։

Ի դեպ, առայժմ այս ամենի համատեքստում ամենազգայուն փոփոխությունը նավթի գների աճն է․ օրվա ընթացքում գրանցվել է ավելի քան 10 տոկոս բարձրացում։ Բազմաթիվ գնահատականներ մատնանշում են, որ իրավիճակի երկարաձգման դեպքում նավթի գները կարող են հատել 100 դոլարի շեմը, իսկ որոշ կանխատեսումների համաձայն՝ հասնել մինչև 200 դոլարի։ Բնական է, որ ավելի լայն ընդգրկմամբ նավթամթերքի և վառելիքի թանկացումները համաշխարհային տնտեսությունում նոր ինֆլյացիոն ճնշումներ կառաջացնեն։ Reuters գործակալության առաջնային կանխատեսումներով՝ համաշխարհային ինֆլյացիան կավելանա 0,6-0,7 տոկոսային կետով։ Գնաճի հետ կապված իրավիճակն էլ ավելի կսրվի՝ ռազմական հետագա էսկալացիայի դեպքում այլ ապրանքների մատակարարման շղթաների խափանման պարագայում։

Թանկացել է նաև ոսկին՝ գերազանցելով 5000 դոլարի շեմը։ Սպասվող գնաճը և ոսկու գների հավանական հետագա թանկացումն, անշուշտ, համարժեք հետևանքներ կունենան նաև մեր տնտեսության վրա։ Բավական է հիշել, թե որքան արագ են վերջին շրջանում ոսկու համաշխարհային գների բարձրացումներն անդրադարձել մեր ներքին շուկայի վրա։

Ակնհայտ է, որ ռազմական էսկալացիան աշխարհատնտեսական շահեր է հետապնդում կամ առնվազն ենթադրում։ Օբյեկտիվ են գնահատականները, ըստ որոնց, Հորմուզի նեղուցի արգելափակման վնասները, որոնք առավելապես կզգա Չինաստանը՝ որպես իրանական նավթի խոշոր ներկրող, կարող են շահավետ լինել Միացյալ Նահանգների համար։ Չինաստանի գործոնից բացի, խափանվում է նաև հեղուկ գազի մատակարարումների զգալի մասը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում ամերիկյան հեղուկ գազի համար։

Մյուս կողմից, այս պահին ոչ այնքան միանշանակ է մեկ խաղացողի շահերի մասին պնդումներ անել պարզ պատճառով․ նավթի գների աճը կարող է շահավետ իրավիճակ ստեղծել նավթ արդյունահանող, այսպես կոչված «նավթային ասեղի» վրա գտնվող երկրների համար, որոնց թվում է նաև ՌԴ-ն։ Սակայն շահավետության ոչ միանշանակությունը բխում է նաև այլ հետևանքներից՝ գնաճից, տուրիստական հոսքերի անկումից, ֆինանսական շուկաների անկումներից և այլ գործոններից, որոնցից տուժելու են բոլորը։

Այս իմաստով, այսօր դեռ վաղ է շատ հստակ և վերջնական պնդումներ անել, ինչպես նաև կանխատեսել, թե ինչ զարգացումներ կարելի է սպասել համաշխարհային տնտեսությունում, քանի որ վերոնշյալը ընդամենը առաջնային արձագանքներն էին։ Ուստի համաշխարհային տնտեսությունում բացասական զարգացումներն ուղիղ համեմատական են կոնֆլիկտի հետագա սրմանը։