Հնարավոր է նույնիսկ, որ Թրամփը դիմի միջուկային զենքի կիրառման․ Բորիս Մեժուև
16 Մարտի 2026, 12:25
Քաղաքագետ Բորիս Մեժուևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը:
«Կարծում եմ՝ գործողությունն, ամենայն հավանականությամբ, կձգձգվի առնվազն մի քանի ամիս: Դա լիովին ակնհայտ է, քանի որ առայժմ որևէ զարգացում չի նկատվում․ տեղի է ունենում պարզապես անվերջանալի էսկալացիա՝ առանց հստակ ընթացքի: Ըստ ամենայնի, Դոնալդ Թրամփը վախենում է գնալ ցամաքային գործողության, բայց մյուս կողմից հասկանում է, որ չի կարող Իրանը թողնել այս վիճակում։
Անկեղծ ասած, ամենաիրատեսական տարբերակն (չեմ ասի, թե ամենաօպտիմալը, բայց ամենաիրատեսականը) այն է, որ մի քանի ամիս հետո իսրայելա-ամերիկյան կոնգլոմերատը ստիպված կլինի Իրանի հետ գնալ բանակցությունների՝ քիչ թե շատ կոմպրոմիսային պայմաններով։ Իհարկե, Իրանը ստիպված կլինի հրաժարվել միջուկային զենքից։ Ըստ երևույթին, այդ կետից պետք է խուսափել, բայց մյուս կողմից՝ նա կպահանջի չեղարկել որոշակի պատժամիջոցներ»,- կարծում է Մեժուևը։
Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ կողմերը, սպառելով ռազմական ռեսուրսները, ի վերջո կգնան բանակցությունների։
«Այդուհանդերձ, Իրանն արդեն այսօր հայտարարում է նավթի մեկ բարելի դիմաց 200 դոլարի մասին։ Եվ ինձ թվում է, եթե ոչ 200 դոլար, ապա այդ թվին մոտենալը ակնհայտ է։ Ուստի, իմ կարծիքով, իրադարձությունները կզարգանան հետևյալ կերպ. ևս մեկ-երկու ամիս էսկալացիա, անվերջ հարվածներ Իսրայելի ու Ծոցի երկրների ուղղությամբ և, ըստ էության, Հորմուզի նեղուցի արգելափակում։ Ես կասկածում եմ, որ նրանք, այնուամենայնիվ, կգնան ցամաքային գործողության, եթե հիմա Իրանի ներսում չգտնեն որևէ լուրջ ուժ, որն ի վիճակի կլինի գոնե որևէ տարածաշրջան վերահսկողության տակ առնել։ Ամենաիրատեսական տարբերակը կլիներ ստեղծել ինչ-որ ապստամբ անկլավ, այնտեղ հայտարարել ազգային վստահության կառավարություն և այն ճանաչել որպես Իրանի օրինական կառավարություն՝ սատարելով նրան։ Բայց նման ուժ չկա։ Նրանք չունեն մեկը, ում վրա կարող են հենվել։ Քրդերը հրաժարվեցին օգնել Իսրայելին և Միացյալ Նահանգներին՝ հասկանալով, թե դա ինչով կարող է ավարտվել իրենց համար։
Ամենայն հավանականությամբ, նրանք ստիպված կլինեն գնալ բանակցությունների, որոնք, ընդհանուր առմամբ, բավականին ամոթալի կլինեն առաջին հերթին ԱՄՆ-ի և Իսրայելի համար։ Բայց, իհարկե, ի պատասխան դրա՝ Իրանը ստիպված կլինի հրաժարվել որոշ ծրագրերից կամ հայտարարել զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում՝ միջուկային ծրագրից հրաժարվելու մասին»,- ընդգծել է Մեժուևը։
Քաղաքագետը Թրամփի մեջ տեսնում է անհավասարակշիռ մարդու և չի բացառում նույնիսկ միջուկային էսկալացիան տարածաշրջանում՝ միաժամանակ շեշտելով դրա քիչ հավանական լինելը։
«Մենք հիմա գործ ունենք անորոշ իրավիճակի և շատ անկայուն քաղաքական առաջնորդի հետ, ինչպիսին Թրամփն է։ Եվ, իհարկե, կարելի է սպասել ամեն ինչի, այսինքն՝ իրադարձությունների բացարձակապես ցանկացած զարգացման, ներառյալ միջուկային զենքի կիրառումը։ Այսինքն՝ իրականում ամեն ինչ կարող է պատահել։ Բայց ինձ, այնուամենայնիվ, հիմա թվում է, որ ծայրահեղ էսկալացիոն տարբերակը ներկա փուլում արդեն քիչ հավանական է թվում։
Ի վերջո, որոշ ժամանակ է անցել, և այդ ընթացքում պարզ է դարձել, որ կա՛մ ցամաքային գործողություն է լինելու, կա՛մ բանակցություններ։ Եվ քանի որ նրանք, այնուամենայնիվ, վախենում են ցամաքային գործողությունից և չեն հասկանում, թե դա ինչով կարող է ավարտվել, ամենայն հավանականությամբ, կլինեն բանակցություններ՝ քիչ թե շատ հասկանալի հեռանկարներով»,-եզրափակել է Մեժուևը։