Հայաստանը երբեք չի անդամակցի Եվրամիությանը. Սերգեյ Ստանկևիչ
19 Մարտի 2026, 21:15
Քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտումն ինչպես կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։
«Մոսկվայի իրական քաղաքական արձագանքը կարող է պայմանավորված լինել Եվրամիության ազդեցության և աշխարհաքաղաքական ոլորտ ներգրավվելու փորձերով։ Եթե նմանօրինակ նշաններ ի հայտ գան, դա Մոսկվայում շատ լուրջ մտահոգություն կառաջացնի և կհանգեցնի որոշակի քաղաքական արձագանքի, իսկ առայժմ միայն տարակուսանք է առաջացնում։
Հայաստանի ձգտումը՝ մտնել աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտ, լարվածություն է ստեղծում Հարավային Կովկասում, աշխարհաքաղաքական հակամարտությունների պոտենցիալ նախադրյալներ է ձևավորում և ստիպելու է Ռուսաստանին ինչ-որ կերպ հակազդել դրան»,- ասել է Ստանկևիչը։
Փորձագետի խոսքով՝ Եվրամիության ազդեցության գոտի անցնելու քայլերը կարող են լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում։
«Հայաստանի եվրաինտեգրումը սկզբունքորեն անհնար է․ այն կարող է դիտվել միայն որպես քաղաքական խաղ, սակայն որպես քաղաքական կուրսի գործնական իրականացում՝ դա սկզբունքորեն անհնար է։ Հայաստանը երբեք չի անդամակցի Եվրամիությանը։ Դրանք անիմաստ դատողություններ են։ Կարելի է ազդեցության գոտի անցնելու որոշակի քայլեր անել, և հենց դա կարող է լարվածություն հրահրել հայ-ռուսական հարաբերություններում, հատկապես հիմա։ Թերևս մեկ այլ դարաշրջանում դա ընդհանրապես ոչ ոք չէր նկատի, բայց կոնկրետ այս դարաշրջանում, որում մենք ապրում ենք, դա անկասկած լուրջ մտահոգություն և հակազդմանն ուղղված քայլեր կառաջացնի»,- եզրափակել է Ստանկևիչը։