Հայաստանն իրական սոցիալական քաղաքականության կարիք ունի
20 Մարտի 2026, 19:05
Օրերս ՀՀ Կենտրոնական բանկն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը. գործիք, որով ԿԲ-ն վերահսկում է սպառողական գները՝ մոտեցնելով սահմանված թիրախային մակարդակին: 2025 թվականի ընթացքում ԿԲ-ն զգուշորեն նվազեցրեց նախկինում գնաճի պատճառով բարձրացրած տոկոսադրույքը, իսկ այս տարվա փետրվար-մարտին այն անփոփոխ թողեց դեկտեմբերի սահմանված մակարդակում՝ 6.5 %: Այս պահի դրությամբ այդ քայլը ենթադրում է որոշակի ռիսկեր և մարտահրավերներ։
Նախ պետք է նշել, որ մերձավորարևելյան զարգացումները դարձել են գնաճի նոր ալիքի առաջացման մտահոգությունների հիմք՝ պայմանավորված նավթի գների բարձրացմամբ, ինչպես նաև առևտրային լոգիստիկ շղթաների հնարավոր խափանումներով։ ՀՀ ԿԲ խորհրդի գնահատմամբ՝ ռազմական գործողությունների շարունակման պարագայում Հայաստանում գնաճը կարող է արագանալ 1.2–1.7 տոկոսով։ Միաժամանակ ԿԲ-ն մտավախություն ունի, որ այդ զարգացումները կարող են խաթարել նաև երկրի տնտեսական աճը:
Լրացուցիչ մտահոգությունն այն է, որ հնարավոր գնաճը տեղի է ունենում արդեն իսկ էական թանկացումների ֆոնին: Բավական է հիշել, որ փետրվարի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առաջին անհրաժեշտության պարենամթերքի գներն էականորեն բարձրացել են:
Ի դեպ, ԿԲ-ի գնահատականներով, գնաճին որոշակիորեն կարող են նպաստել նաև ապրիլից նախատեսված թոշակների բարձրացումը: Այն փաստը, որ հանրության եկամուտների աճը հանգեցնում է գնաճի, օրինաչափ մակրոտնտեսական զարգացում է: Բայց անկախ այդ հանգամանքից, բոլոր սպասումները ենթադրում են իրական սոցիալական քաղաքականության մշակում: Օրինակելի լուծումներից մեկը բնակչության եկամուտների պարբերաբար ու թանկացումներին համարժեք ինդեքսացիան է: