Փաշինյանի ամենաուժեղ գործիքը սեպտեմբերյան պատերազմով վախեցնելն է. Տիգրան Քոչարյան
26 Մարտի 2026, 16:16
Հայաստանի վարչապետը սկսել է վտանգավոր խաղ, որի նպատակը սեփական էլեկտորատի մոբիլիզացիան է: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը փորձում է համախմբել այն ընտրազանգվածին, որը պատրաստ է հրաժարվել Արցախից և Ցեղասպանության պահանջատիրությունից՝ հանուն Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունների:
«Փաշինյանը փորձում է հավաքագրել իր էլեկտորատին, այսինքն՝ «թուրքական կուսակցության» աջակիցներին՝ մարդկանց, որոնք ատում են Արցախը։ Նրանց մոլորեցրել են թեզերով, թե Արցախի պատճառով ենք վատ ապրում, կամ Ցեղասպանությունը ռուսներն են բերել մեր գլխին»,- ասել է Քոչարյանը:
Նա նաև նշել է, որ իշխանությունը կրկնում է թուրքական գլխավոր շտաբում ձևավորված թեզերը, թե հայերն էլ են թուրքեր կոտորել։ Ըստ Տիգրան Քոչարյանի՝ այս մոտեցումը նախապատրաստում է հող՝ ընտրություններից հետո Ցեղասպանության ճանաչումից պաշտոնապես հրաժարվելու համար։
«Սրանով Փաշինյանը փաստացի Սփյուռքին զրկում է ամենակարևոր զենքից։ Հաջորդ քայլը լինելու է Ցեղասպանության ճանաչման ուրացումը, ինչը Թուրքիայի ուղիղ պատվերն է»,- հավելել է Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի ամենաուժեղ գործիքը հասարակությանը սեպտեմբերյան պատերազմով վախեցնելն է։
Հարցին, թե ինչու հենց սեպտեմբեր, նա պատասխանել է, որ այդ ամիս է տեղի ունեցել 44-օրյա պատերազմը, որը մեծ ցավ է պատճառել և շարունակում է պատճառել հայ ժողովրդին:
«Նա ուղղակի հիշեցնում է: Սա նրա վերջին հաղթաթուղթն է: Մնացած բոլոր թեզերը՝ «նախկիններ», «ագենտներ», «եկեղեցի», այլևս չեն աշխատում։Անցել է վերջին արգումենտին՝ պատերազմին»,-ընդգծել է Տիգրան Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: