Արսենյանն ու Գալուզինը քննարկել են ՀՀ–ի և ՌԴ–ի պայմանավորվածություններին առնչվող հարցեր
10 Ապրիլի 2026, 20:00
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել այսօր:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում վերջերս կայացած բանակցությունների արդյունքների լույսի ներքո կարծիքներ են փոխանակվել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերն ընդգծել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության հարցերով:
«Քննարկվել են տարածաշրջանային խնդիրները Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի գործունեության շարունակման տեսանկյունից», – նշել են գերատեսչությունում:
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Կրեմլում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Փաշինյանը բարձր է գնահատել այցի արդյունքները՝ նշելով, որ կողմերը տարբեր ոլորտներում ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ: