Փաստաթուղթն ուղղակի անհեթեթություն է․ փաստաբանը՝ Բագրատ Սրբազանին վերագրվող «ահաբեկչական պլանի» մասին
14 Ապրիլի 2026, 12:15
«18 արդարների» գործով մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Տաթև Սողոյանը ներկայացրել է Բագրատ Սրբազանին վերագրվող «ահաբեկչության պլանը», որի մասին Ազգային ժողովում խոսել էր Քննչական կոմիտեի նախագահը:
Նրա խոսքով՝ փաստաթուղթն անգլերեն է ու իրենք միտումնավոր չեն թարգմանել այն, որպեսզի և՛ ձեռագիրը, և՛ բովանդակությունը հստակ լինեն բոլորի համար։
«Փաստաթղթում այնպիսի աշխարհաքաղաքական դերակատարներ են ներկայացված, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Վրաստանը։ Ստացվում է՝ այս բոլոր երկրները պետք է ներգրավված լինեին այդ ահաբեկչության մեջ։
Բացի այդ, ըստ պլանի՝ պետք է ներթափանցեն թշնամի երկիր և գերի վերցնեն 150-250 հազար քաղաքացիական անձ։ Մենք դիտմամբ փաստաթուղթը չենք թարգմանել, որ թե՛ ձեռագրի տարբերությունը, թե՛ բովանդակության անհեթեթությունը հանրությանը հասկանալի լինի։ Ու այս տեսակ փաստաթղթերին քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարող են կարևորություն տալ այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսին ՔԿ նախագահն է»,- նշել է փաստաբանը։
Տաթև Սողոյանի խոսքով՝ քրեական գործի նյութերում առկա չէ որևէ քրեադատավարական վերլուծություն, թե ինչ դեր ունի վերոնշյալ փաստաթուղթը ենթադրյալ մեղադրանքի հետ։
«Այս փաստաթուղթը, Սրբազանի կեցավայրից հայտնաբերված մեխերի, գունվարող ծխերի և այլ ապացույցների հետ միասին դրվել է որպես հերթական ապացույց՝ առանց որևէ մեկնաբանության»,- եզրափակել է փաստաբանը։