Երևանում բացվել է ռուսական բուհերի ցուցահանդես

18 Ապրիլի 2026, 11:30

Կրթություն

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Ուսումը Ռուսաստանում -2026» ցուցահանդեսը, որտեղ հայ դպրոցականներն ու ուսանողները կարող են անձամբ ստանալ տեղեկատվություն ռուսական համալսարանների կրթական ծրագրերի և մասնագիտությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Երևանի «Ռուսական տուն»-ը։

Միջոցառման բացման ժամանակ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանին՝ ամեն տարի ցուցահանդեսի անցկացման համար հարթակ տրամադրելու համար։

Նա նաև պատմել է այն երկար ճանապարհի մասին, որն անցել են բուհերից մեկի ներկայացուցիչները՝ Հայաստան հասնելու համար։ «Նրանք Բիրոբիջանից թռել են Վլադիվոստոկ, ապա՝ Խաբարովսկ, այնուհետև՝ Մոսկվա, արդեն այնտեղից՝ Երևան։ Եվ ահա նրանք այստեղ են»։

Ցուցահանդեսին ներկայացված է 13 բարձրագույն ուսումնական հաստատություն, ինչպես նաև Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղերը և Հայ-ռուսական համալսարանը։

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 17։00։

Միջոցառումը կազմակերպվել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կողմից՝ «Կրթություն և կարիերա» ՍՊԸ-ի հետ համատեղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՀՀ ԳԱԱ աջակցությամբ։