Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը տեղավորվում է ցեղասպանական գործողությունների շրջանակում․ Գեղամյան

23 Ապրիլի 2026, 14:57

Քաղաքականություն

«1991թ-ից ի վեր՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության ձեռքբերումից հետո, Հայոց Ցեղասպանության թեման և դրա բարձրաձայնումը երբեք այնքան արդիական չեն եղել, որքան այսօր»,- «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր․ ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915 թվականից մինչև Արցախում էթնիկ զտումները» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նրա խոսքով ՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020 թվականից ի վեր Հայաստանի, Արցախի և ընդհանրապես հայության նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը լիարժեքորեն տեղավորվում է «ցեղասպանական գործողություն» կամ «ցեղասպանական գործողություններին նպաստող գործողություններ» կատեգորիայի շրջանակում։

«Այսօր շատ հաճախ ՀՀ փորձագիտական, քաղաքագիտական և լրագրողական տիրույթը ցեղասպանությունը կամ ցեղասպանական գործողությունները ներկայացնում է ինչ-որ վայրում մարդկանց խմբի սպանություն։ Մինչդեռ ցեղասպանությունը կամ ցեղասպանական գործողություններն ուղղակի մարդկանց սպանությունները չեն, դրանք կարող են լինել այլ բնույթի։ Եվ այն գործողությունները, որ իրականացվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020թ-ից ի վեր, հանգիստ կարող են տեղավորվել նմանատիպ բնորոշում ունեցող գործողությունների անվան տակ»,- նշել է Գեղամյանը։

Ըստ թուրքագետի՝ 2022թ-ին Արցախի Հանրապետության բնակչության շրջափակումը գիտության մեջ որակվում է «ցեղասպանություն՝ փաստացի հասարակության հյուծման միջոցով»։

«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այսօր Հայաստանի բնակչության նկատմամբ իրականացվող տեղեկատվական քաղաքականությունը ևս դիտարկվում է որպես ցեղասպանական գործողություն։ Դրա մաս են կազմում այն հայտարարությունները, որոնք հայության շրջանում տարածում են, թե իրենք տապալված պետություն ունեն և ոչինչ անել չեն կարող։ Հաճախ մենք ինքներս ենք հայտնվում թուրքական, ադրբեջանական թակարդում, և մեր խոսքով այնպես ենք անում, որ նրանց գործողությունները դադարում են համարվել ցեղասպանական ակտ»,- եզրափակել է Վարուժան Գեղամյանը։