Հայաստանը, սիրուն փաթեթավորված, հանձնելու են Էրդողանին կամ Ալիևին․ Տիգրան Քոչարյան
24 Ապրիլի 2026, 23:49
Այն կարծրատիպը, թե Նիկոլ Փաշինյանը ո՛չ ռուսամետ է, ո՛չ արևմտամետ, այլ կոնկրետ թուրքամետ, օրեցօր, ժամառժամ հաստատվում է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։
«Փաստացի այն երկրները, որոնք գտնվում են «թշնամական» հարաբերությունների մեջ, խոսքը գնում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների մասին, ավելի շատ են մտահոգված, որ ցեղասպանությունները չկրկնվեն, չշարունակվեն։ Եթե առաջ մենք պայքարում էինք թուրք, ադրբեջանցի ժխտողականների դեմ, թուրքական գումարներով աշխատող, ԱՄՆ-ում ծվարած որոշակի պատմաբանների դեմ, ապա հիմա խնդիրներ ունենք բուն Հայաստանի ներսում։ Դա ցույց է տալիս՝ Փաշինյանն այն գործիչն է, որը Հայաստանը սիրուն փաթեթավորված տանելու է և հանձնի կա՛մ Էրդողանին, կա՛մ Ալիևին»,-նշել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը լեգիտիմություն չունի եկեղեցու հարցը վերջնական լուծելու։
«Այս պահին Հայաստանում եկեղեցու դեմ հարաբերական դադար է, որովհետև Փաշինյանը հասկացել է՝ լեգիտիմություն չունի եկեղեցու հարցը վերջնական լուծելու։ Նա չկարողացավ եկեղեցին ներսից պառակտել, այն մարդիկ, հոգևորականները, որոնք շանտաժի էին ենթարկվել, չկարողացան դոմինոյի էֆֆեկտ ստեղծել, որ եկեղեցին ներսից քայքայվի։ Եվ այդ հարցը ժամանակավորապես դադար է առել»,- եզրափակել է Քոչարյանը։