Արցախից մինչև Հայրենական մեծ պատերազմ․ Միքայել Պարսեղով
27 Ապրիլի 2026, 22:00
Միքայել Պարսեղովը (Միքայել Բարսեղյան) ծնվել է 1899 թվականի հունիսի 15-ին Ելիզավետպոլի նահանգի Մադաթաշեն գյուղում։ Նրա հայրը կավագործ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Վաղ տարիքում (12 տարեկան) կորցնելով ծնողներին` Միքայելը մեկնում է աշխատելու Միջին Ասիա:
1916 թվականին զորակոչվել է ցարական բանակ, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին՝ Կովկասյան ճակատում։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1918 թվականին, կամավոր միացել է Կարմիր բանակին, մինչև 1919 թվականի նոյեմբերը Թուրքեստանյան ճակատում պատերազմել է ընդդեմ բասմաչների Անդիժանի, Կոկանդի, Նամանգանի և Սկոբելեվսկի (ներկայումս` Ֆերգանայի) շրջաններում:
1922 թվականին ավարտել է Տաշքենդի հրետանային դպրոցը, ապա՝ Կարմիր դրոշի հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները։ Ծառայել է Լենինգրադի ռազմական օկրուգում, ղեկավարել մարտկոցներ և դիվիզիոններ։ 1936 թվականին ոսկե մեդալով ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, որից հետո գլխավորել է ծանր հրետանային գնդի 19-րդ հրաձգային կորպուսը։ 1937 թվականից եղել է Լենինգրադի ռազմական օկրուգի հրետանու պետը։
Խորհրդա-ֆիննական պատերազմի ընթացքում (1939–1940 թթ.) Պարսեղովը ղեկավարել է 7-րդ բանակի հրետանին։ Նրա ղեկավարությամբ հաջողվել է ճեղքել «Մաներհեյմի գծի» պաշտպանական ամրությունները։ Ցուցաբերած խիզախության և տաղանդի համար նա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման (1940 թ. մարտ)։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Պարսեղովը զբաղեցրել է առանցքային պաշտոններ․ ղեկավարել է Հարավ-արևմտյան ճակատի հրետանին, ապա՝ 40-րդ բանակը։ Մասնակցել է Կիևի համար մղվող մարտերին, Կուրսկի ճակատամարտին, Ուկրաինայի ազատագրմանը։ 1945 թվականին զբաղեցնելով 2-րդ Հեռավորարևելյան ռազմաճակատի հրետանու պետի պաշտոնը` ղեկավարել է Մանջուրիայում ճապոնացիների դիրքերի ոչնչացումը, Խարբինի և չինական այլ քաղաքների, Սախալինի հարավային մասի և Կուրիլյան կղզիների ազատագրումը։
Պատերազմից հետո շարունակել է ծառայությունը՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ հրետանային զորքերում։ 1958 թվականին նրան շնորհվել է հրետանու գեներալ-գնդապետի կոչում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Սուվորովի, Կուտուզովի շքանշաններով, ինչպես նաև «Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» և «Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալներով։
Պարսեղովի ներդրումը խորհրդային հրետանու զարգացման և ռազմաճակատում հաղթանակների ձեռքբերման գործում հավերժ կմնա պատմության մաս։