Թուլացած Իրանը ձեռնտու է Թուրքիային․ Գեորգի Ասատրյան
01 Մայիսի 2026, 23:10
Համաշխարհային ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Բաքու, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի բանակցությունները։
Փորձագետի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության երկու կողմերն էլ ակտիվորեն պատրաստվում են ռազմական գործողությունների նոր փուլին։
«Երկու կողմերն էլ իրենց զգում են հաղթող, և յուրաքանչյուրն ունի դրա համար հիմքեր։ Ես անցյալ տարվա 12-օրյա պատերազմը և ներկայիս 40-օրյա հակամարտությունը դիտարկում եմ որպես միասնական ռազմական արշավ, որի փուլերի միջև եղել է միայն կարճ ընդմիջում։ Ըստ էության, ընթացիկ հակամարտությունն ավարտված չէ, և ակտիվ փուլի վերսկսման հավանականությունը մնում է բարձր»,- նշել է Ասատրյանը։
Խոսելով այն մասին, թե ինչու է Թուրքիան Մերձավոր Արևելքի հակամարտությունում զբաղեցնում զուսպ դիրքորոշում, փորձագետը նշել է, որ դա կապված է թուրքական դիվանագիտության ռացիոնալիզմի հետ։
«Կարծում եմ՝ դա կապված է այս պետության և Թուրքիայի քաղաքական համակարգի լրջության հետ։ Նրանք հասկանում են, որ Իսլամական Հանրապետությունը որպես քաղաքական միավոր ոչնչացնելը շահավետ չէ Թուրքիայի համար։ Ինչո՞ւ, որովհետև դրանք տարածաշրջանում իրենց մրցակիցներն են։ Թուլացած Իրանը, հավանաբար, շահավետ է Թուրքիայի համար, սակայն պարտված, արևմտամետ Իրանը արդեն կդառնա շատ լուրջ ճնշում Թուրքիայի վրա, որը նույնպես, չնայած բոլոր ինտեգրացիոն միավորումներին և Արևմուտքի հետ դաշինքներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին, ձգտում է վարել տարածաշրջանում որոշակի այլընտրանքային մեծապետական քաղաքականություն», — նշել է Ասատրյանը։