Չինաստանը ծայրահեղ բացասաբար է վերաբերվում պանթյուրքիզմի գաղափարախոսությանը․ Վասիլի Կաշին

07 Հոկտեմբերի 2026, 18:45

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանի՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համապարփակ եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վասիլի Կաշինը Alpha News-ին մեկնաբանել է Չինաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, Ռուսաստանի վերաբերմունքը հետխորհրդային տարածքում Պեկինի ակտիվությանը, ինչպես նաև Չինաստանի և Թուրքիայի հարաբերությունները։ Նա խոսել է ՑԿԵՄԻ-ի 20-ամյակին նվիրված «Ռուսաստանը և նոր բազմաբևեռությունը․ գաղափարից դեպի իրականություն» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։

«Ներկայումս Ռուսաստանի դիրքը Հարավային Կովկասում զգալիորեն փոխվում է Չինաստանի հետ չկապված գործոնների պատճառով։ Կարծում եմ՝ չինական ակտիվությունն այն հիմնական գործոնը չէ, որն անհանգստացնում է Ռուսաստանին, թեև մենք տեսնում ենք Չինաստանի հարաբերությունների զգալի առաջընթացն Ադրբեջանի, ինչպես նաև ավանդաբար՝ Վրաստանի հետ։

Վրաստանը Չինաստանի ամենահին գործընկերներից է և տարածաշրջանի մյուս երկրների համար որոշակիորեն նախանշել է Չինաստանի հետ համագործակցության ընդհանուր ուղղությունը։ Կա հետաքրքրություն տարածաշրջանի ենթակառուցվածքային և տարանցիկ ներուժի նկատմամբ, և Վրաստանում համապատասխան ծրագրեր են իրականացվում։

Չինաստանը Հարավային Կովկասի սպառազինությունների շուկայում լուրջ առաջընթաց է գրանցել՝ Ադրբեջանին 24 միավոր FC-1 կործանիչների մատակարարման տեսքով։
Չինաստանի դերը մեծանում է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը շատ ակտիվորեն փորձում է խորացնել իր գործընկերությունը Չինաստանի հետ։ Սա մեծ խաղադրույք է, թեև դեռևս պարզ չէ, թե որքան հեռու կարող է այն հասնել։

Հայաստանը, հավանաբար, ամենաքիչն է շարժվում այս ուղղությամբ, թեև այստեղ ևս հետաքրքրություն կա։ Բացի այդ, Հայաստանում ձևավորվել է ռազմատեխնիկական գործընկերություն Հնդկաստանի հետ, ինչը նույնպես չի նպաստում Չինաստանի կողմից վստահության աճին։ Թեև ժամանակին Հայաստանը դարձավ հետխորհրդային առաջին երկիրը, որը 1999 թվականին Չինաստանից ձեռք բերեց խոշոր խմբաքանակով համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Սակայն այժմ Հայաստանի չինական ուղղվածությունն ամենաքիչ արտահայտվածն է։ Եվ այստեղ, իհարկե, կարող են սահմանափակումներ առաջանալ՝ կապված ՏՐԱՍԵԿԱ երթուղու / «Թրամփի երթուղու» հետ։ Չինացիների համար ԱՄՆ-ի գերակշռող դերակատարությամբ միջանցքը կարող է որոշակիորեն խնդրահարույց լինել», — հայտարարել է քաղաքագետը։

Կաշինի խոսքով՝ թեև Չինաստանի և Թուրքիայի տնտեսական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, Պեկինը զգուշավոր վերաբերմունք ունի Թուրքիայի պանթյուրքիստական ձգտումների նկատմամբ։

«Թուրքիայի հետ մենք տեսնում ենք մեծ տնտեսական հետաքրքրություն, սակայն միաժամանակ կան նաև քաղաքական հակասություններ։ Թուրքիայի հետ հարաբերությունները բնութագրվում են տնտեսական համագործակցության աճող ծավալներով և տարանցիկ ներուժի նկատմամբ հետաքրքրությամբ, սակայն վստահության ցածր մակարդակով։

Չինացիները ծայրահեղ բացասաբար են վերաբերվում պանթյուրքիզմի գաղափարախոսությանը։ Նրանք բացասաբար են վերաբերվում նաև քաղաքական իսլամի ցանկացած դրսևորման։ Սա այն երևույթն է, որի հետ ժամանակակից թուրքական պետությունը որոշակիորեն ասոցացվում է։

Սակայն կա պրագմատիկ համագործակցության հետաքրքրություն։ Թուրքիան Չինաստանի հետ իր կապերն օգտագործում է Արևմուտքից իր կախվածությունը հավասարակշռելու համար, իսկ Չինաստանն իր հերթին Թուրքիայի հետ վարում է քաղաքական աշխատանք։

Սրանք զարգացող հարաբերություններ են, սակայն դրանցում կան շատ հստակ սահմանափակումներ և որոշակի «առաստաղ»», — հավելել է փորձագետը։

Հիմա եթերում