Թբիլիսիի մոգական աստղը․ Գայանե Խաչատրյան
09 Մայիսի 2026, 21:10
Գայանե Լևոնի Խաչատրյանը ծնվել է 1942 թվականի մայիսի 9-ին Թբիլիսիում՝ արհեստավոր Լևոն Խաչատրյանի և երաժիշտ Հասմիկ Քալանթարովայի ընտանիքում։ Սովորել է Յակոբ Նիկոլաձեի անվան գեղարվեստի ուսումնարանին կից գեղարվեստի դպրոցում։ Դեռ պատանեկության տարիներին նա ցուցաբերել է բացառիկ տաղանդ՝ օրական ստեղծելով մի քանի նկար:
1962 թվականին նա ծանոթացել է նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի հետ, որը միշտ աջակցել է նրան:
1967 թվականին ճակատագրական է դարձել հանդիպումը ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հետ, որը Երևանում կազմակերպել է նրա առաջին ոչ պաշտոնական ցուցահանդեսը։ Սերգեյ Փարաջանովը նրան անվանում էր 20-րդ դարի երկրորդ կեսի ամենանշանակալի նկարչուհիներից մեկը, իսկ ռեժիսոր Անդրեյ Տարկովսկին հիանում էր նրա կտավներով և ընկերություն անում նրա հետ։
Գայանե Խաչատրյանի նկարները առանձնանում էին տրամադրությամբ, նույնիսկ երբ կապված էին անձնական ապրումների հետ։ Մարտիրոս Սարյանը նշում էր, որ նրա կտավները փոխանցում են «բնության ձայնը» և գերում դիտողին։
1960-ականների վերջից նրա աշխատանքները ցուցադրվել են Թբիլիսիում, Երևանում, Մոսկվայում, Փարիզում, Լիսաբոնում, Բեյրութում և Վենետիկում։ Կարևոր ցուցահանդեսներից են Վենետիկում անցկացված «Հայկական մշակույթի օրեր»-ը, (1987), Մոսկվայում անցկացված «Ես Գայանեն եմ Թիֆլիսից» անհատական ցուցահանդեսը (2001)։ Նրա աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Փարաջանովի թանգարանում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներու։
Գայանե Խաչատրյանը վառ անհատականություն էր․ նրա փոքրիկ արվեստանոցը Թբիլիսիում դարձել էր արվեստագետների և զբոսաշրջիկների հիմնական այցելության վայրը։ Ռուս արվեստաբան Վիտալի Պացյուկովը նրան անվանել է «նոր գեղարվեստական մտածողության առաջամարտիկ»։ Նա ստեղծել է շուրջ 700 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք, որոնցից շատերը դարձել են հայկական արվեստի դասականներ։
Գայանե Խաչատրյանը մահացել է 2009 թվականի մայիսի 1-ին Թբիլիսիում և հուղարկավորվել է մշակութային հայ գործիչների պանթեոնում՝ Խոջիվանքում։