Ժամանակդ գնաց, Փաշինյա՛ն, պատասխանի՛ր հարցերին. Իշխան Սաղաթելյան

13 Մայիսի 2026, 23:40

Քաղաքականություն

«Ընտրարշավի 5-րդ օրն է, և ինչպես որ սպասվում էր, Փաշինյանի ջղաձգումները սկսված են: Հայհոյախառը ելույթներ է ունենում՝ անդրադառնալով նույնիսկ ընդդիմադիր գործիչների ընտանիքների անդամներին: Այս մարդուց ոչ մեկ այլ բան չէր էլ սպասում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն այդպես է անում, որպեսզի իրենք էլ նրան հայհոյեն ու ընտրարշավը վերածվի հայհոյանքների մրցավազքի, իսկ ՀՀ քաղաքացիները հոգնելով այդ վիճակից՝ չմասնակցեն ընտրություններին:

«Ամենակարևորն այն է, որ նա փորձում է քաղաքացիներին շեղել հիմնական օրակարգային կարևորագույն հարցերից: Մենք սա քեզ թույլ չենք տալու: Ես հրապարակային դիմում եմ, և դու պարտավոր ես պատասխանել հետևյալ հարցերին․

Առաջին՝ դու կարո՞ղ ես հայտարարել, որ այլևս ՀՀ տարածքից որևէ քառակուսի մետր չես զիջելու Ադրբեջանին: Խոսքը վերաբերում է ՀՀ-ի փաստացի տարածքի մասին:

Երկրորդ՝ կարո՞ղ ես հայտարարել, որ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կմ, և Ադրբեջանի զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն ՀՀ տարածքից:

Ժամանակդ գնաց, Փաշինյա՛ն։ Պատասխանի՛ր այս հարցերին»,- ասել է Սաղաթելյանը։