Արման Թաթոյանը սկանդալային ձայնագրություններով հաղորդում է ներկայացրել Դատախազություն
18 Մայիսի 2026, 16:46
«Միասնության թևեր» կուսակցությունն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն։
Կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հիշեցրել է, որ օրեր առաջ ձայնագրություն էր հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես է Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի դասախոսներից մեկը պարտադրում ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին։
«Մեզանից գողանում են մեր ընտրությունը»,- հայտարարել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ իշխանություններն անընդհատ մեղքը գցում են այն մարդկանց վրա, որոնց էլ հենց իրենք ճնշում են։
«Մարդկանց ճնշման են ենթարկում, մեկին վախեցնում են՝ քննություն չի ստանա, մեկին, թե աշխատանքից կազատեն։ Իսկ եթե բացահայտվում է, ուրեմն մեղավորը հենց իրենք են դառնում։ Մենք ասում ենք՝ կատարողները նաև ձեր քայլերի զոհերն են, պատասխան պետք է տան նրանք, ովքեր այդ սխեմայի հովանավորն են»,- ասել է Թաթոյանը։