Ժողովուրդը պետք է հասկանա իր քվեի արժեքը․ այսօր վճռվում է Հայաստանի ապագան. Մասիս Աբրահամյան

Հայ ժողովուրդը հերթական անգամ կանգնած է ճակատագրական ընտրության առաջ, և առաջիկա ընտրությունները կարող են վճռորոշ լինել երկրի ապագայի համար։ Alpha News-ի հետ զրույցում ասել է Հայ Դատի հանձնախմբի խորհրդատու Մասիս Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ վերջին հարյուրամյակի ընթացքում Հայաստանը բազմիցս հայտնվել է բարդ ու ճակատագրական իրավիճակներում, և այսօր նույնպես Հայաստանի և հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակներ են։

«Եթե նայում ենք մեր պատմությանը, հատկապես վերջին հարյուր տարվա ընթացքում, կտեսնենք, որ մի ճակատագրական փուլը հաջորդել է մյուսին»,- ասել է Աբրահամյանը։

Նա նաև համեմատել է Հայաստանի քաղաքական մշակույթը մի շարք արևմտյան երկրների ընտրական գործընթացների հետ՝ նշելով, որ այնտեղ քաղաքական պայքարը հիմնականում հիմնված է ծրագրերի և գաղափարների մրցակցության վրա։ «Յուրաքանչյուր կուսակցություն ներկայացնում է իր ծրագիրը, և մանրակրկիտ հաշվարկվում է, թե այդ ծրագիրը որքան կարժենա հարկատուներին։ Մարդիկ գնում են ընտրության՝ հիմնվելով այդ ծրագրերի վրա»,- նշել է նա։

Աբրահամյանի գնահատմամբ՝ Հայաստանում քաղաքական պայքարը հաճախ տեղափոխվում է անձնական հակամարտությունների և ծայրահեղացված հռետորաբանության դաշտ։

«Մեզ մոտ գրեթե երբեք իրական բանավեճ չի եղել։ Միշտ ամեն ինչ ծայրահեղականացվել է։ Որևէ մեկն, ըստ էության, չի խոսում այն մասին, թե ինչ ծրագիր ունի, ինչպես է փրկելու տնտեսությունը կամ ինչ է անելու երկրի համար։ Փոխարենը մեկը մյուսին սպառնում է ոչնչացնել»,- ասել է նա։

Հայ Դատի հանձնախմբի խորհրդատուն նաև նշել է, որ թեև ինքն ու իր ընտանիքը Սփյուռքում են ապրում և ընտրելու իրավունք չունեն, մեծ հետաքրքրությամբ ու անհանգստությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։

Հիմա եթերում