Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը՝ ժառանգության պահպանման լավագույն նախագիծ

04 Հունիսի 2026, 16:25

Մշակույթ

ԱՄՆ-ի Մոնթեբելլո քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը ստացել է Կալիֆոռնիայի պահպանման հիմնադրամի (California Preservation Foundation) 2026 թվականի պահպանման դիզայնի մրցանակը՝ մշակութային ժառանգության և ոչ նյութական ժառանգության անվանակարգում։ Այս մասին քաղաքային իշխանությունները հայտնել են իրենց ֆեյսբուքյան էջում։

Մոնթեբելլոյի քաղաքապետ Ջորջինա Տամայոն նշել է, որ այս ճանաչումը մեծ պատիվ է ոչ միայն քաղաքի, այլև ամբողջ հայ-ամերիկյան համայնքի համար։ «Այս հուշարձանը դիմադրողականության, հիշողության և միասնության հզոր խորհրդանիշ է»,- ասել է նա։

Ընտրության չափանիշների համաձայն՝ հուշարձանը ճանաչվել է որպես Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին խոշոր հանրային հուշարձան։ Այն նպաստել է ողբերգության ավելի լայն ճանաչմանը և դարձել է մոդել այլ հուշարձանների ստեղծման համար։

Նշվում է նաև դրա գեղարվեստական արժեքը՝ որպես հայկական եկեղեցական ճարտարապետության ժամանակակից քանդակագործական մեկնաբանություն: Նախագծի հեղինակն է հայ ճարտարապետ և արվեստագետ Հրանտ Աղաբաբյանը, իսկ շինարարությունը իրականացրել է «Bedrosian-Zakarian Construction Company»-ն։

Հիմա եթերում