Իշխանափոփոխության համար կա երկու տարբերակ՝ընտրությունը և փողոցային պայքարը. Նարեկ Կարապետյան

09 Հունիսի 2026, 12:20

Քաղաքականություն

Գնում է ձայների վերահաշվարկ։ Կիմանանք՝ ԲՀԿ-ն կմտնի՞ ԱԺ, թե ոչ։ Դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:

«Գիտեմ, որ շատերի մոտ նյարդերը տեղի են տալիս, քանի-որ բոլորս ամեն ինչ ներդրել ենք պայքարի համար, կուզեի մի քանի բան ասել, որի վրա հիմա աշխատում ենք: Գնում է ձայների վերահաշվարկ, ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտնում է խորհրդարան, թե ոչ, իսկ այդ դեպքում կհասկանանք, ԱԺ ընդդիմությունը հնարավորություն կունենա գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընդունելու ժամանակ իր խոսքը ասել, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ:

Իմացեք, որ ձեր հետաքրքրությունը մեր համար առաջնային է, եթե մենք կարողանանք այնպես անենք, որ ընդդիմության ձայնը հաշվի առնվի դատարանի նախագահներ նշանակվելուց, դա հավասարակշռելու է և քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք լուծել: Իսկ եթե ոչ, ու տեսնենք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ»,- նշել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա՝ մեկը ընտրությունն է, մյուսը՝ փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը:

«Փողոցային պայքարի արդյունքում Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը պետք է քվեարկի փոփոխության օգտին: Այստեղ մի հարց կա. եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատմականորեն ընդամենը 8 պատգամավոր փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը, իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց 5 տարվա ընթացքում մենք այդտեղ մեծ հնարավորություն կարող ենք տեսնել»,- ընդգծել է Կարապետյանը: