Տասնամյակներով ձևավորված կապերը խզողները վերջում հայտնվում են կոտրած տաշտակի առաջ․ Պավել Դանիլին

Քաղաքագետ Պավել Դանիլինը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք Եվրամիությունը կարող է Հայաստանի համար փոխարինել Ռուսաստանի դերակատարությանը։

«Բավական է հիշել, թե ինչպես, եթե չեմ սխալվում, Լատվիան խոստանում էր գնել այն ծաղիկները, որոնք Հայաստանը մատակարարում էր Ռուսաստան։ Սակայն Լատվիայի շուկան ընդամենը 1 միլիոն սպառող ունի, մինչդեռ Ռուսաստանի շուկան՝ շուրջ 140 միլիոն։ Տարբերությունն ակնհայտ է։ Իհարկե, կարելի է ասել, որ Եվրոպայի շուկան ավելի քան 400 միլիոն է, սակայն այնտեղ շուկան վաղուց բաժանված է՝ առանց մեզ և առանց Հայաստանի։

Ուկրաինայի օրինակը բավական խոսուն է։ Ուկրաինան դեռ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության թեժ փուլը, 2021 թվականին, տնտեսական զարգացման մակարդակով հայտնվել էր ամենահետամնաց երկրների շարքում և նույնիսկ ավելի աղքատ էր դարձել, քան Մոլդովան։ Սա ցույց է տալիս, որ մարդիկ, որոնք խզում են տասնամյակներով կառուցված տնտեսական և քաղաքական կապերը, ի վերջո հայտնվում են կոտրած տաշտակի առաջ՝ անկախ Արևմուտքի բոլոր խոստումներից, կոչերից և ֆինանսական աջակցությունից։

Հիշեցնեմ, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանին հատկացրել էր 50 միլիոն եվրո՝ փոխհատուցելու այն կորուստները, որոնք, ըստ եվրոպական գնահատականների, Հայաստանը կրել էր Ռուսաստանի սահմանափակող միջոցների հետևանքով։ Մինչդեռ մեր երկկողմ առևտրաշրջանառությունը միայն անցած տարի կազմել է 8 միլիարդ եվրո։ Այս համեմատությունն ինքնին շատ խոսուն է»,- նշել է Դանիլինը։

Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ Հայաստանը դեռ հնարավորություն ունի վերանայելու իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, սակայն դրա համար անհրաժեշտ է հենց հայ ժողովրդի քաղաքական կամքն ու որոշումը։

Հիմա եթերում