Ժողովրդի վերջին լուման էլ ուզում են գրպանից տանել․ Շիրակի բնակիչները՝ թանկացումների մասին

26 Հունիսի 2026, 16:00

Կարծիք

Հայաստանում շարունակվող ամենօրյա թանկացումները ծանր սոցիալական վիճակ են ստեղծել հատկապես մարզերի բնակիչների համար: Հարցման ընթացքում Շիրակի մարզի բնակիչներից մեկը նշել է, որ պետության կողմից սոցիալական աջակցության կամ թոշակների ավելացման մասին հայտարարությունները կեղծ են, քանի որ այդ գումարները իշխանությունները հետ են վերցնում ժողովրդի գրպանից՝ նոր հարկերի ու թանկացումների միջոցով:

«Թոշակառուների գումարը մի քիչ ավելացրեց, Արցախից տեղահանվածներին, ծերերին արտոնություններ տվեց, բայց այդ կոպեկները հիմա նորից ուզում է հետ հավաքագրել՝ թանկացումների և հարկերի միջոցով։ Ժողովրդի վերջին լուման ուզում է գրպանից տանել»,- դժգոհել է Շիրակի բնակիչը։

Քաղաքացիները մատնանշել են, որ շուկայում չկա որևէ ապրանքատեսակ, որի գինը կայուն լինի: Բենզինի ու վառելիքի գնաճը շղթայական ռեակցիայով անդրադառնում է առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների վրա։

«Հլը մի բան ասեք, որ չի թանկացել․ ամեն ինչն էլ թանկացել է։ Ամեն ինչ օրական 10-10 դրամով թանկանում է՝ ծխախոտը, ջուրը, սուրճը, ձեթը… Մենք սկզբում դա սովորության համաձայն չենք էլ նկատում, կամ էլ նկատում ենք, բայց ի՞նչ կարող ենք անել»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։