Եվրամիության համար որոշիչը իշխանությունների վարած քաղաքականությունն է. քաղաքագետ
26 Հունիսի 2026, 15:41
Եվրամիության համար առաջնային են իշխանությունների վարած քաղաքականությունն ու արտաքին քաղաքական կուրսը, իսկ ժողովրդավարության, ներքաղաքական իրավիճակի և տնտեսական չափանիշների հարցերը երկրորդական նշանակություն ունեն։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Վրաստանը երկար տարիներ ձգտում է դառնալ Եվրամիության անդամ, սակայն վերջին տարիներին ԵՄ-ի և Վրաստանի միջև հարաբերությունները կտրուկ լարվել են։
«Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ոչ թե Վրաստանն է հեռանում Եվրոպայից, այլ Եվրամիությունն է հեռացնում Վրաստանին եվրոպական ինտեգրման գործընթացից։ Եվրամիության համար առաջնայինը ոչ թե երկիրը կամ ժողովուրդն են, այլ տվյալ երկրի իշխանությունները։ Եթե իշխանությունները վարում են ԵՄ-ի շահերին համապատասխան քաղաքականություն, ապա այդ պետության հետ հարաբերությունները խորանում են և անդամակցության հեռանկար է ձևավորվում»,- ընդգծել է քաղաքագետը:
Միաժամանակ Անդրանիկ Հովհաննիսյանը նշել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ որևէ երկրում ապահովված են ժողովրդավարական չափանիշներն ու եվրոպական ստանդարտները, սակայն իշխանությունները վարում են այլ քաղաքականություն, Եվրամիությունը չի աջակցի այդ երկրի անդամակցության գործընթացին։
«Հայաստանի ներկայիս իշխանությունները վարում են Եվրամիության համար ընդունելի քաղաքականություն, ինչի արդյունքում Բրյուսելը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ։ Հավատացեք՝ այն օրը, երբ Հայաստանում իշխանափոխություն լինի, Եվրոպայում այլևս Հայաստանի մասին չեն խոսելու այն մակարդակով, ինչ այսօր տեսնում ենք։ Հարաբերություններն այլ բնույթ կունենան»,- նշել է Հովհաննիսյանը։