Գյումրիում ՌԴ ռազմաբազան տարածաշրջանի անվտանգության հենասյունն է. Գալուզին

29 Հունիսի 2026, 18:50

Քաղաքականություն

Երևանը չի դիտարկում Գյումրիում ռուսական ռազմաբազան փակելու հարցը։ Այս մասին «RTVI»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայկական կողմից բազայի վարձակալության պայմանագրի պայմանները վերանայելու վերաբերյալ ազդանշաններ դեռևս չեն ստացվել։ Ավելին, պաշտոնապես հայտարարվում է, որ Երևանը չի դիտարկում Գյումրիում ռուսական ռազմաբազայի գործունեությունը դադարեցնելու հարցը»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ Գյումրիի բազան անվտանգության հենասյուներից մեկն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի համար։

Գալուզինը նաև ուշադրություն է հրավիրել առանձին քաղաքական ուժերի և արևմտամետ ՀԿ-ների այն փորձերի վրա, որոնք միտված են «սևացնելու» ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում՝ այն ներկայացնելով գրեթե որպես օկուպացիայի գործիք կամ ոչ բարեկամական վերաբերմունքի վկայություն»։

«Մենք տեսնում ենք, որ այս բոլոր փորձերն ապարդյուն են. դրանք ձախողվում են ռուսական ռազմաբազայի նկատմամբ տեղի բնակչության բարյացակամ վերաբերմունքին բախվելիս»,- ընդգծել է փոխարտգործնախարարը։

Նրա խոսքով՝ բազան հանդես է գալիս ոչ միայն որպես ռազմական օբյեկտ, «այլև յուրատեսակ ձգողականության կետ է տեղի բնակիչների համար»։