Արամ Ա Վեհափառն ընդունել է ՌԴ նախկին վարչապետին և Լիբանանում ՌԴ դեսպանին

01 Նոյեմբերի 2026, 21:15

Հասարակություն

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինին և Լիբանանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Ռուդակովին: Այս մասին հայտնում է Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը՝ տեղեկատվությունը հրապարակելով Արամ Ա-ի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը, ինչպես նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև առկա պատմական ու հոգևոր կապերը:

Անդրադառնալով քննարկված հարցերին՝ Արամ Ա Կաթողիկոսը ներկայացրել է իր տեսակետներն ու մտահոգությունները, ինչպես նաև ջերմությամբ հիշատակել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ իր երկարամյա սերտ բարեկամությունը:

Բացի այդ, Վեհափառ Հայրապետը և ռուսական պատվիրակության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության դերի, քաղաքականության և դիրքերի վերաբերյալ: