«Օսկարի» հայկական հավակնորդը կներկայացվի Սան Ֆրանցիսկոյի կինոփառատոնում
01 Նոյեմբերի 2026, 23:30
Նոյեմբերի 20-ից 22-ը Սան Ֆրանցիսկոյի Vogue Theatre կինոթատրոնում կանցկացվի հայկական կինոյի երրորդ՝ Golden Gate Armenian Film Festival (GGAFF) փառատոնը։ Ծրագրում ընդգրկված են Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի և Կանադայի արտադրության լիամետրաժ, վավերագրական, կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմեր, որոնք նախկինում արժանացել են մրցանակների Վենետիկի, Լոկառնոյի և Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոներում։
Փառատոնի գլխավոր իրադարձությունը կլինի Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» (The Land of Arto, 2025) ֆիլմի ցուցադրությունը։ Հայաստանը ֆիլմն առաջադրել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության 99-րդ մրցույթի՝ «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։
Հանդիսատեսին կներկայացվի նաև Ռոբեր Գեդիգյանի նոր՝ «Կինն այսօր» (Une femme aujourd’hui, 2026) ֆիլմը, որը վերջերս է հայտնվել ֆրանսիական կինովարձույթում, ինչպես նաև Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի «Ապրել Շեքսպիրից երկար» (Outliving Shakespeare, 2025) վավերագրական աշխատանքը։
Ծրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կոմես Չախբազյանի «Այստեղ՝ մեկ այլ վայրում» (Here Elsewhere, 2026) դրաման։ Ֆիլմը պատմում է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդած վերջին ամսվա իրադարձությունների մասին։
Փառատոնի ծրագիրը կհամալրեն նաև Ալեքսանդրա Ռությո-Միքայելյանի «Նռան ցրված հատիկները» վավերագրական ֆիլմը, որը պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո հայերի՝ Եվրոպայում սփռվելու մասին, և Մառլեն Էդոյանի «Այնտեղ կրակ է վառվում» դրաման՝ Վրաստանի հարավում բնակվող հայկական համայնքի պատանիների մեծանալու և ինքնության որոնման մասին։
Փառատոնի տարբեր անվանակարգերում հաղթողները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով, որոնք պատրաստված են հայկական տուֆից։ Դրանց հեղինակը լիբանանահայ նկարչուհի Նարինե Փալադյանն է։