Բարեդ Մարոնյանի՝ եզդիների ցեղասպանության մասին ֆիլմը գլխավոր մրցանակի է արժանացել Կանադայում

01 Նոյեմբերի 2026, 22:30

Մշակույթ

«Էմմի» մրցանակի քառակի դափնեկիր Բարեդ Մարոնյանի վավերագրական ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակին Կանադայի Ֆորեստ Սիթի քաղաքում անցկացված ամենամյա 11-րդ կինոփառատոնում։

«10 Years On: The Yazidi Genocide» («10 տարի անց․ եզդիների ցեղասպանությունը») ֆիլմը ճանաչվել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգի հաղթող։

Բարեդ Մարոնյանը հայկական ծագմամբ ամերիկացի վավերագրող է և «Armenoid Productions» կինոընկերության հիմնադիրը։ Ռեժիսորը հայտնի է պատմական և հասարակական բարդ թեմաների խորքային ուսումնասիրությամբ։ Նրա ստեղծագործական աշխատանքների շարքում առանձնանում է «Ցեղասպանության որբերը», «1915 թվականի կանայք» և «Genocide 2.0: Ethnic Cleansing in Artsakh» («Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում») ֆիլմերից բաղկացած աղմկահարույց եռագրությունը։ 2026 թվականի հոկտեմբերին վերջինս նույնպես մրցանակի է արժանացել ԱՄՆ-ում անցկացվող «Chagrin Documentary Film Festival» կինոփառատոնում՝ հաղթելով «Լավագույն ֆիլմ՝ հասարակական իրազեկման» անվանակարգում։