Ոտնահարվել են քաղաքացիների անհատական և հավաքական քաղաքական իրավունքները․ Արծվիկ Մինասյան
01 Հուլիսի 2026, 13:45
Սահմանադրական դատարանում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումների հիման վրա ընտրությունների արդյունքների վիճարկման գործով եզրափակիչ ելույթների փուլում հանդես է եկել նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը: Իր խոսքում նա ամփոփել է ընդդիմության հիմնական պնդումները և ներկայացրել պաշտոնական վիճակագրական տվյալներ՝ նախընտրական շրջանում վարչական ու պետական ռեսուրսի անխնա օգտագործման վերաբերյալ:
Մինասյանն ընդգծել է, որ տեղի ունեցած գործընթացը ոչ թե դասական ընտրություններ էր, այլ անհավասար պայքար՝ պետական ապարատն իրեն վերագրած իշխող ուժի և մյուս քաղաքական միավորների միջև, որի ընթացքում, ըստ նրա, ոտնահարվել են քաղաքացիների թե՛ անհատական, թե՛ հավաքական քաղաքական իրավունքները:
«Մեր բոլոր փաստարկները, ապացույցներն ու պնդումները այդպես էլ չեն հանդիպել ողջամիտ հակափաստարկների կամ առարկայական հակադարձման, ավելին՝ նույնիսկ առանձին դեպքերում հաստատվում էին մեր այդ պնդումները»,- նշել է Արծվիկ Մինասյանը։