Ռուսաստանի հիմնական շահը Արևմուտքի ճնշումը կանգնեցնելն ու մեծ պատերազմը կանխելն է. Վլադիմիր Ավատկով

Ռուս թուրքագետ, քաղաքագետ Վլադիմիր Ավատկովը «Alpha News»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է «Մեծ Թուրան» ստեղծելու Թուրքիայի ծրագրերը, Մոսկվայի և Անկարայի շահերի շահերի միջև առկա տարաձայնությունները, բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացը և պայմանավորվածությունների սահմանները։

«Թուրանն ընկալվում է որպես հակակշիռ Իրանին և որպես թուրքերի վերաբնակեցման ծրագիր։ Սակայն այսօր դա սեփական ազդեցությունն ընդլայնելու Թուրքիայի գաղափարախոսական հայեցակարգի մի մասն է։ Թուրքիայի գլխավոր խնդիրն է համոզել մեր թյուրք եղբայրներին ու գործընկերներին, որ նրանք թուրք են։ Ոչ թե թյուրք, այլ հենց թուրք։ Այսինքն՝ «թյուրքականը» աստիճանաբար փոխարինվում է «թուրքականով»։ Այս ուղղությամբ աշխատում են բազմաթիվ կազմակերպություններ՝ Թուրքիայի գիտությունների ակադեմիան, Թյուրքական խորհրդարանական վեհաժողովը և շատ այլ կառույցներ։ Դրանց նպատակն է Թուրքիան թյուրքական աշխարհի ծայրամասային պետությունից վերածել կենտրոնի, որի շուրջ պետք է համախմբվեն բոլորը։

Պատմականորեն թուրքերը շարժվել են դեպի Թուրքիա, այլ ոչ թե հակառակը։ Կա Ուրալ-Վոլգայի պատմությունը, Բայկալի պատմությունը, Ալթայի պատմությունը, բայց Թուրքիան նենգափոխում է պատմությունը և հետխորհրդային տարածքի մեր թյուրք գործընկերներին պարտադրում, ինչպես նաև ռուսական տարածաշրջանների վրա ազդելով ստիպում է որդեգրել թուրքական տրամաբանությունը։ Դա հստակ երևում է կոնկրետ օրինակներով»,- ասել է Ավատկովը։

Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան շատ թյուրքական ժողովուրդների պարտադրում է իր տեսլականը և փորձում է փոխել նրանց ինքնությունը։

«Թուրքիան իրեն դիրքավորում է որպես համաշխարհային տերություն՝ պնդելով, թե իր ցամաքային զորքերը 2200 տարվա պատմություն ունեն, թեև հենց հանրապետությունն ընդամենը 103 տարեկան է։ Մենք տեսնում ենք թյուրքական ժողովուրդների վրա ազդելու, նրանց ինքնությունը փոխարինելու փորձեր՝ միասնական դասագրքերի ստեղծման և լատինատառի տարածման միջոցով։ Միևնույն ժամանակ, Թուրքիան Ռուսաստանի ապրանքաշրջանառության ծավալներով զբաղեցնում է երրորդ տեղը, ինչը կարևոր է հաշվի առնել Արևմուտքի ճնշումների պայմաններում։ Հարաբերություններում հավասարակշռությունը գտնված է, թեև շահերը հաճախ բախվում են։

«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին առաջ է մղում ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու գաղափարը՝ ելնելով թուրքական շահերից, որոնք միշտ չէ, որ համընկնում են ռուսականի հետ։ Ինչպես նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, այնտեղ, որտեղ հնարավոր է, կողմերը պայմանավորվում են, սակայն կան հարցեր, որոնց շուրջ համաձայնության հասնել հնարավոր չէ։ Այդպիսին է այսօր ձևավորվող բազմաբևեռ աշխարհը»,- նշել է փորձագետը։

«Alpha News»-ի զրուցակիցն ընդգծել է, որ Ռուսաստանի գլխավոր շահը Արևմուտքի ճնշումը կանգնեցնելն ու մեծ պատերազմը կանխելն է։

«Սա հետխորհրդային տարածքը Ռուսաստանից պոկելու նախագիծ է՝ ի շահ Արևմուտքի։ Թուրքիան ակտիվ դերակատարում ունի և միաժամանակ կատարում է Բրիտանիայի կամքը՝ ունենալով նաև սեփական շահը՝ շարժվել դեպի Կասպից ծով և Միջին Ասիա։ ԱՄՆ-ը հաճախ է վստահում Թուրքիային, որը՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, Հարավային Կովկասում գործում է ընդդեմ Ռուսաստանի։ Ռուսաստանի հակառակորդն այստեղ հավաքական Արևմուտքն է։ Ռուսաստանի հիմնական շահը ճնշումը կանգնեցնելն ու մեծ պատերազմը կանխելն է։ Կարմիր գիծը ներքին քաղաքականությունն է՝ ներքաղաքական գործընթացներին միջամտության կատեգորիկ մերժումը։ Առաջնահերթություն է մնում հետխորհրդային տարածքը։

Մենք տեսնում ենք Թուրքիայի ուժեղացումը և զգուշացնում ենք գործընկերներին սեփական ինքնությունից հրաժարվելու ռիսկերի մասին՝ լինի դա Մոլդովայի՝ Ռումինիայի կազմի մեջ ներառման գաղափարը, թյուրք ժողովուրդներին համոզելու փորձը, թե նրանք թուրք են, կամ Հայոց ցեղասպանության հիշողությունը մոռացության տալու պարտադրանքը։ Այս ամենը Արևմուտքի ընդհանուր քաղաքականության տարրերն են»,- ընդգծել է փորձագետը։

Ավատկովի խոսքով՝ Էրդողանի հայտարարությունների մեծ մասն ուղղված է ներքին լսարանին։

«Էրդողանի հայտարարությունը հիմնականում ուղղված էր ներքին լսարանին։ Նա ընդգծել է, թե թուրքական պատմությունը իբր չի տեսել ո՛չ զանգվածային սպանություններ, ո՛չ ցեղասպանություն, այլ միայն կարեկցանք։ Դա պատասխան էր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Երբ Էրդողանը խոսում է Նեթանյահուի մասին, նա այլ արտահայտություններ է օգտագործում՝ նրան անվանելով «ցեղասպանության մեքենա» և «ժամանակակից Հիտլեր»։ Իսրայելի և Թուրքիայի միջև առկա է մրցակցություն տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր դաշնակցի դերի համար։

Բացի այդ, Մերձավոր Արևելքի վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները սկզբունքորեն տարբերվում են՝ պաղեստինյան հարցը, Լիբանանը, Սիրիան, Իրանը։ Թուրքիան Իրանի հարցում ավելի պրագմատիկ դիրքորոշում ունի, քան շատերն էին սպասում։ Դա մեծապես Սիրիական եռանկյունու շրջանակներում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փոխգործակցության արդյունքն է, որտեղ ձևավորվել է վստահության միջավայր և ուղիղ հաղորդակցության ուղիներ»,- ասել է Ավատկովը։