Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որոշումը կբողոքարկվի․ փաստաբան

07 Հուլիսի 2026, 20:20

Քաղաքականություն

Դատարանը բավարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ երկու ամսով կալանք կիրառելու միջնորդությունը և հաստատել ձերբակալման իրավաչափությունը։ Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատարանում մի բառ անգամ չի քննարկվել․ ոչ դատավորն է հարց բարձրացրել, ոչ էլ կողմերն են կարծիք հայտնել։ Այսինքն՝ կարծես թե որոշումը գրված, պատրաստի վիճակում լիներ, պարզապես պետք էր ստանդարտ ձևակերպումներ տալ և ձևական կողմն ապահովել։ Օրենքով դատարանը պետք է պարտադիր անդրադառնա՝ ձերբակալումն իրավաչափ էր, թե ոչ, բայց ոչ մի հարց չտրվեց, կալանքի մասով նույնպես ոչ մի հարց չհնչեց»,- նշել է Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ իրենց համար այս որոշումն անակնկալ չէր, քանի որ գործընթացի հենց սկզբից ակնհայտ էր, որ տեղի ունեցողն ունի քաղաքական ենթատեքստ և կատարվում է ուղիղ հրահանգով։

«Այն պահից սկսած, երբ այս ապօրինությունները սկսվեցին, մենք փաստել էինք, որ այս գործողությունը լինելու է։ Սա ուղիղ հանձնարարականի՝ հրապարակայնորեն հնչեցվածի արդյունքն է, որը մենք հիմա տեսնում ենք։ Որոշումը դեռևս չեն տվել․ կծանոթանանք և ըստ այդմ կիրականացնենք մեր հաջորդ քայլերը»,- ընդգծել է Երեմ Սարգսյանը։

Պաշտպան Էմին Խաչատրյանն էլ նշել է, որ այս դատական նիստը եզակիներից էր այն իմաստով, որ դատարանին առհասարակ փաստարկների մասով որևէ բան չհետաքրքրեց։ Ըստ նրա՝ որոշումը ստանալուց հետո այն կբողոքարկեն վերադաս ատյանում։

Փաստաբանները նաև հայտնել են, որ Գագիկ Ծառուկյանին հավանաբար կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ։