«Մուլտի Ռեստ Հաուս»-ի աշխատակիցները ևս ակցիա են իրականացրել ՝ պահանջելով վերաբացել հյուրանոցը
13 Հուլիսի 2026, 19:02
Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերաբացել հյուրանոցը և հնարավորություն տալ վերադառնալ աշխատանքի։
Ըստ աշխատակիցների՝ տեղի ունեցածն ունի քաղաքական ենթատեքստ, ինչի հետևանքով չեղարկվել են տեղական ու միջազգային բազմաթիվ պայմանագրեր և շահած մրցույթներ։
«Բողոքները սկսվել են դեռ մեկ շաբաթ առաջ՝ թե՛ անհատ հյուրերի, թե՛ մեր գործընկերների կողմից։ Մենք աշխատում ենք ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկաների հետ։ Ունեինք մեծ թվով շահած տենդերներ, համագործակցում էինք երեք հյուրանոցների մակարդակով, աշխատում էինք թե՛ «Փարավոն»-ում, թե՛ այստեղ։ եվ ստացվում է, որ այս ամեն ինչը հօդս ցնդեց քաղաքական ենթատեքստի պատճառով»,- ընդգծել է «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի գլխավոր տնօրեն Գևորգ Անտոնյանը։
Համալիրի ներկայացուցիչներից մեկն, անդրադառնալով ստեղծված տեխնիկական և կազմակերպչական խնդիրներին, նշել է, որ հյուրերին հապճեպ դուրս են հանել հյուրանոցից, ինչից հետո տարածքը մնացել է անմխիթար վիճակում։
«Ամենամեծ տեխնիկական խնդիրն այն է, որ մեծ թվով աշխատակիցներ մնացին գործազուրկ։ Առավոտյան ժամը 07:30-ի դրությամբ բոլոր քոթեջները դատարկեցին։ Հյուրերին դուրս բերեցին։ Նրանց հեռանալուց հետո այդ սենյակները պետք է կարգի բերվեին։ Մի խոսքով՝ տեղի ունեցավ ամենավատը, ինչին երբևէ չէինք սպասի»,- նշել է աշխատակիցը։
Նրանց պնդմամբ՝ ստեղծված իրավիճակը կաթվածահար է արել հյուրանոցի բնականոն գործունեությունը և վնաս հասցրել ընկերության միջազգային հեղինակությանը։ Նրանք պահանջում են հստակ պարզաբանումներ և խնդրի հնարավորինս արագ կարգավորում։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ակցիաներ են անցկացրել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների, նաև «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցները։